Մատչելիության հղումներ

logo-print
«Արցախյան ազատամարտը խնդիր չուներ գրավել ողջ Ադրբեջանը, արցախյան ազատամարտը խնդիր ուներ ազատագրել Արցախը, ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը եւ խաղաղություն պարտադրել հակառակորդին», - հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է արդյոք այն տեսակետը, ըստ որի, հրադադարի հաստատումը Ադրբեջանին թույլ տվեց խուսափել լրջագույն կորուստներից, ժամանակ շահել եւ նախապատրաստվել հետագա ռազմական արկածախնդրության, այնինչ եթե հրադադարը չլիներ, հայկական կողմը կարող էր ավելի մեծ ձեռքբերումներ արձանագրել, Սեյրան Օհանյանը նաեւ ասել է. - «Կարծում եմ, ակնհայտ է, որ դրված խնդիրը լիարժեք կատարվել է: Արցախի ժողովուրդը որպես ժողովրդավարական հասարակության օրինակելի կերպար այսօր իր առաջընթացն է ապահովում: Ինչ վերաբերում է Ադրբեջանի ժամանակ շահելուն, կարծում եմ միամտություն կլիներ կարծել, թե միայն Ադրբեջանն է օգտվել ժամանակ շահելուց»:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն` ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտումների եւ դիվերսիոն գործողությունների վերաբերյալ Հայաստանի պաշտպանության նախարարը նույն հարցազրույցում ասել է. - «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, կարծում եմ, այդ գործողություններով փորձում է իր զինվորականության մոտ կոտրել պարտվողի կարծրատիպը` իհարկե փորձելով նաեւ ազդել հայ հասարակության վրա: Այդ գործողությունները հայ հասարակությանն ու բանակին, ընդհակառակը, համախմբվելու եւ վճռական գործողութունների առիթ է տալիս, որը մենք լիարժեքորեն իրականացնում ենք: Իհարկե այդ գործողությունները ունեն նաեւ ներքին եւ արտաքին քաղաքական շարժառիթ»:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից դիպուկահար գործողությունների ակտիվացմանը, որի արդյունքում հայ զինծառայողներ ու խաղաղ բնակիչներ են զոհվում, Սեյրան Օհանյանը նշել է. - «Այսպես կոչված, դիպուկահարների պատերազմը մարտավարական առումով որեւէ կողմին առավելություն չի տալիս: Դիպուկահարների գործողություններին լիարժեք պատասխան է տրվում, սակայն քանի որ այդ գործողությունները վերջին շրջանում մեր հասարակության լայն քննարկման առիթ է հանդիսացել, կցանկանայի նորից կրկնել, որ այդ գործողություններին պատասխան է տրվում անհամաչափ պատժի կիրառմամբ: Դա նշանակում է, որ նրանք պատժվում են մի քանի անգամ ավելի մեծ կորուստներով, այլ բան է, որ ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցները իրենց հանրությանը դա ներկայացնում են, այսպես ասած, իրենց ձեւով: Այդուհանդերձ, հակառակորդի դիպուկահար գործողությունները բանակցային գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների բացահայտ խախտումներ են եւ պետք է արժանանան նաեւ միջազգային հանրության համապատասխան գնահատականին: Նման գործողություններով նրանք ցանկանում են իրավիճակը մշտապես լարված պահել շփման գծում եւ ազդել բանակցային գործընթացի վրա»:

Անդրադառնալով գարնանային զորակոչի անցկացմանը` պաշտպանության նախարարը, մասնավորապես, նշել է, որ զորակոչի գործընթացում բարեփոխումներ են իրականացվել զորակոչիկների կցագրման, բժշկական հետազոտման, բժշկական հանձնաժողովների կազմի բարելավման ուղղություններով:

«Ստեղծված են համապատասխան մեխանիզմներ, որպեսզի մենք ներքին եւ արտաքին վերահսկողություն իրականացնենք զորակոչի գործընթացի նկատմամբ: Այսօր զորակոչը վերահսկվում է ոչ միայն պաշտպանության նախարարության, այլեւ Անվտանգության խորհրդի, իրավապահ մարմինների, քաղաքացիական հասարակության կառույցների կողմից: Գործում է նաեւ դիմում-բողոքների հստակ մեխանիզմ», - ասել է Սեյրան Օհանյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG