Մատչելիության հղումներ

Թուրքիայում գտնվող միջնադարյան հայկական գերեզմանոցը վերանորոգվել է


Պոլսո Հայոց պատրիարքարանն ու Թուրքիայի տեղական իշխանությունները համատեղ ջանքերով նորոգել են Սիվաս նահանգում՝ նախկին Սեբաստիայում գտնվող միջնադարյան հայկական գերեզմանոցը։

Թուրքական Hurriyet Daily News–ի փոխանցմամբ, հարյուրավոր հեկտարների հասնող գերեզմանատունը հիմնադրվել է 1061 թվականին եւ մինչ օրս մեծ նշանակություն ունեցել հայերի համար։

«Ամռան ամիսներին աշխարհի տարբեր անկյուններից բազմաթիվ հայեր էին գալիս այստեղ, սակայն գերեզմանոցը այնքան վատ վիճակում էր, որ այցելուներից շատերը դառնությամբ էին հեռանում»,– թերթին պատմել է նահանգի հայկական համայնքի ղեկավար Մինաս Դուրմազգյուլերը, ով նախաձեռնել ու ղեկավարել է պատմական այս վայրը նորոգելու ծրագիրը։

Շինարարական ծախսերի 70 տոկոսը վճարել են թուրքական տեղական իշխանությունները, 30 տոկոսը՝ պատրիարքարանն ու հայ համայնքի ներկայացուցիչները։

«Գերեզմանատունը շատ վատ վիճակում էր, բազմաթիվ անգամ հարձակումների էր ենթարկվել գողերի եւ թանկարժեք իրեր որոնողների կողմից»,– ասել է Սիվասի նահանգապետ Դողան Ուրգյուպը՝ հավելելով. – «Վերանորոգման բոլոր աշխատանքները կատարվել են քրիստոնեական ավանդույթների համաձայն՝ Պոլսո պատրիարքարանի օգնությամբ։ Մասնավորապես, վերականգնվել են տապանագրերը, նոր ծառեր են տնկվել ու ճանապարհներ կառուցվել»։

Անդրադառնալով ծրագրին՝ թուրքական թերթը փաստում է, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու նորոգումից հետո թուրքական իշխանությունները վերականգնողական աշխատանքներ են սկսել բազմաթիվ այլ հայկական եկեղեցիներում ու վանքերում եւս։ Սակայն Սիվասի նահանգապետը պնդել է, թե իրենց նախաձեռնած ծրագիրը որեւէ կապ չունի այդ զարգացումների հետ:

«Մեր նպատակն էր վերականգնել նահանգի պատմական դեմքը»,– ասել է Դողան Ուրգյուպը՝ հավաստիացնելով, թե հայկական գերեզմանատունը կնորոգեր նաեւ 10 տարի առաջ, եթե այն ժամանակ ընտրվեր նահանգի ղեկավարի պաշտոնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG