Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի բացառել ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը:

«Կարծում եմ, դա հավանական է, քանի որ ոչ կերպ չեմ հասկանում, թե ինչու է Ադրբեջանը երկարաձգում բանակցային գործընթացը», - ասել է Սարգսյանն ու հետեւյալ ենթադրությունն արել. - «Հավանաբար, նրանք ավելի շատ ուժ եւ միջոցներ կուտակելու պլաներ ունեն, որպեսզի հարմար պահին դիմեն ռազմական արկածախնդրության»:

«Դա ճիշտ մոտեցում չէ, որովհետեւ այդ դեպքում իրադարձությունները կարող են զարգանալ երկու սցենարով` առաջինը` տոտալ պատերազմ` Լեռնային Ղարաբաղի հետագա օկուպացմամբ, ինչը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ամբողջական ոչնչացմամբ, եւ երկրորդ սցենարը` Ադրբեջանը կպարտվի եւ նոր տարածքներ կկորցնի: Այդժամ արդեն Ադրբեջանը կսկսի բողոքել եւս 5, 6 կամ ավելի շրջաններ կորցնելու կապակցությամբ, եւ ի՞նչ կլինի հետո: Դարձյալ հրադադար, նոր պատերազմ, այդ բոլոր սցենարներն անհեռանկար են», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Հարցազրույցում Հայաստանի նախագահը նշել է, թե հակամարտության ողջ ընթացքում հայկական կողմը ձգտել է փոխհամաձայնության գալ, «սակայն կա կարմիր գիծ` Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնուրույնաբար պետք է տնօրինի իր ճակատագիրն ու պատմական հայրենիքում անվտանգ պայմաններում զարգանալու հնարավորություն ունենա»:

«Դուք գիտեք, որ այդ խնդրով զբաղվում է ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, մեծ ջանքեր է գործադրում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ինչի համար մենք նրան մեծապես երախտապարտ ենք: Հատկապես Մինսկի խումբն է առաջարկել մի փաստաթուղթ, որը պայմանականորեն կոչվում է Մադրիդյան սկզբունքներ: Այն ենթադրում է հարցի լուծում երեք սկզբունքների հիման վրա` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականության պահպանում եւ ժողովուրդների ինքնորոշում: Այդ փաստաթուղթը հիմնականում տալիս է հնարավորություն` շարունակել բանակցություններն ու ձեռնամուխ լինել խաղաղության մեծ պայմանագրի մշակմանը», - հիշեցնում է Հայաստանի նախագահն ու շարունակում. - «Մենք շատ հստակ հասկանում ենք, թե ինչ են նշանակում այդ երեք սկզբունքները, ադրբեջանցիները երկար մտորումներից հետո նույնպես համաձայնել են դրանց, բայց, չգիտես ինչու, յուրովի են հասկանում այդ սկզբունքները»:

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հարցազրույցի Ղարաբաղին վերաբերող հատվածը` Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ դրանում արտառոց ոչինչ չի տեսնում:

«Նախագահն առանձնապես որեւէ նոր բան չասաց` նշելով, որ պատերազմի դեպքում կողմերից մեկը կպարտվի: Այստեղ կարեւորագույն արձանագրումն այն է, որ նախագահի նշած երկու սցենարների պարագայում էլ կարգավորման հեռանկար չկա, եւ հարկ է հարցը լուծել բանակցությունների ճանապարհով», - հավելեց քաղաքագետը:

Լրատվամիջոցներն այսօր տարածել են Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հայտարարությունը, որում վերջինս նշել է, թե ադրբեջանական կողմն իրական արդյունքներ է ակնկալում հակամարտության կարգավորման բանակցություններից եւ հայկական կողմին կոչ է անում չչարաշահել իր ժամանակը:

Այս կապակցությամբ Իսկանդարյանը նշեց, թե «արդբեջացիների նման հայտարարություններն այնքան հաճախ են հնչում, որ դրանք կարելի է արդեն իրադարձություն չհամարել». - «Այն, որ Հայաստանում Ղարաբաղին առնչվող հայտարարություններին մեծ ուշադրություն են դարձնում, դա ավելի շուտ բացատրվում է հայաստանյան տեղեկատվական շուկայի առանձնահատկությամբ»:

«Մոսկովսկիե նովոստի»-ի թղթակցի հարցին, թե հնարավոր է լիարժեք տնտեսական աճ` առանց ակնհայտ աշխարհաքաղաքական խնդիրների լուծման, առանց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, Սերժ Սարգսյանը պատասխանում է. - «Միանշանակ պատասխան չկա: Եթե ասենք` ոչ, ապա ինչո՞ւ ենք մենք զարգանում արդեն 20 տարի: Եթե ասենք` այո, ապա ինչո՞ւ այսպիսի տեմպերով: Իհարկե, առանց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մենք սովից չենք մեռնի, սակայն ընդգծեմ այն, ինչի մասին արդեն բազմիցս խոսել եմ. մենք տնտեսական ասպեկտը չենք դիտարկում իբրեւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հիմնական շարժառիթ: Մենք ապրում ենք այստեղ եւ պետք է ինչ-որ հարաբերություններ ունենանք հարեւանների հետ, բայց` ոչ ամեն գնով»:

Ի մի բերելով նորանկախ Հայաստանի անցած 20-ամյա շրջանը` Սերժ Սարգսյանը ուշագրավ մի արձանագրում է անում. - «Երկրի ղեկավարները միշտ գայթակղություն են ունենում քննադատել իրենց նախորդներին: Ես պաշտոնավարությունս ստանձնել եմ 2008 թվականին եւ առաջին իսկ օրվանից խուսափել եմ նման մոտեցումից: Քննադատել նախորդներին` նշանակում է պատասխանատվությունը դնել այլոց ուսերին: Դա ճիշտ չէ: Ես երախտապարտ եմ նախորդներին, բոլոր նրանց, ովքեր ինչ-որ լավ բան են արել Հայաստանի համար»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG