Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ի ղեկավարը մեղադրվում է բռնաբարության փորձ կատարելու մեջ


ԱՄՆ -- ԱՄՀ-ի ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը դուրս է գալիս Նյու Յորքի ոստիկանությունից` մեղադրանքի առաջադրումից հետո, 15-ը մայիսի, 2011թ.

ԱՄՆ -- ԱՄՀ-ի ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը դուրս է գալիս Նյու Յորքի ոստիկանությունից` մեղադրանքի առաջադրումից հետո, 15-ը մայիսի, 2011թ.

Միջազգային ամենաաղմկալի սկանդալը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի ձերբակալությունն է:

62-ամյա Ստրոս-Կանը մեղադրվում է սեռական բնույթի ոտնձգություն, բռնաբարության փորձ կատարելու մեջ:

Երկուշաբթի օրը նախատեսված էր ԱՄՀ-ի ղեկավարի մասնակցությունը Բրյուսելում կայանալիք Եվրամիության տնտեսական համաժողովին, Եվրամիության երկրների ֆինանսների նախարարների հանդիպմանը, բայց Ստրոս-Կանը շաբաթ օրը ձերբակալվել է Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում` Air France ընկերության օդանավում, որը րոպեներ անց թռչելու էր Փարիզ:

Դոմինիկ Ստրոս-Կանի փաստաբանը` Բենջամին Բրեֆմանը Associated Press-ին ասել է, թե իր վստահորդը իրեն մեղավոր չի ճանաչում եւ հերքում է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները:

Ըստ մեղադրանքի` Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը փորձել է բռնաբարել հյուրանոցի սպասուհուն: Դեպքը տեղի է ունեցել Նյու Յորքի կենտրոնում` Մանհեթենի Թայմս հրապարակին մոտ գտնվող «Սոֆթել» հյուրանոցի համարում, որի մեկ օրվա վարձը 3 հազար դոլար է: Հյուրանոցի 32-ամյա սպասուհին ոստիկաններին ցուցմունք է տվել, որ կարծելով, թե համարում մարդ չկա, ներս է մտել` մաքրելու ընդարձակ սենյակը, եւ հանկարծ լողարանից լրիվ մերկ դուրս է եկել Ստրոս-Կանը, միջանցքում հետապնդել, բռնել է իրեն, տարել է ննջարան` փորձելով բռնաբարել, հանդիպելով դիմադրության` լողարան է տարել, սեռական բնույթի գործողությունների է հարկադրել եւ փորձել է հանել ներքնազգեստը: Սպասուհուն հաջողվել է դուրս պրծնել սենյակից, եւ նա ամեն ինչ պատմել է հյուրանոցի ադմինիստրացիային, որն էլ ոստիկանություն է կանչել:

Րոպեներ անց ոստիկանները տեղ են հասել, բայց Ստրոս-Կանը արդեն դուրս էր եկել հյուրանոցից` համարում մոռանալով ձեռքի հեռախոսը: «Երեւում է` նա շատ է շտապել», - ասել է Նյու Յորքի ոստիկանության մամուլի խոսնակը:

Նյու Յորքի ոստիկանությունը, պարզելով, որ ԱՄՀ-ի ղեկավարը օդանավակայանում է, իսկույն կապվել է օդանավակայանի ոստիկանների հետ, որոնք էլ Ստրոս-Կանին իջեցրել են Փարիզ թռչող օդանավի առաջին կարգի սրահից:

Հյուրանոցի սպասուհուն էլ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բուժել են շատ թեթեւ վնասվածքներից:

Սա Դոմինիկ Ստրոս-Կանի հետ կապված առաջին միջադեպը չէ: 2008 թվականին մեծ հնչեղություն էին ստացել նրա հարաբերությունները Արժույթի միջազգային հիմնադրամի մի աշխատակցուհու հետ, որը հետո տեղափոխվեց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ:

Ֆրանսիական թերթերը Ստրոս-Կանին բնորոշում են որպես մեծ գայթակղողի:

Դոմինիկ Ստրոս-Կանը Արժույթի միջազգային հիմնադրամը ղեկավարում է 2007 թվականից, մինչ այդ եղել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի կառավարությունում նախարարական պաշտոններ է զբաղեցրել դեռ Ֆրանսուա Միտերանի նախագահության ժամանակից:

Ստրոս-Կանի ձերբակալության լուրը ռումբի պայթյունի տպավորություն է գործել Ֆրանսիայում. գալիք տարի երկրում անցկացվելիք նախագահական ընտրություններում նա համարվում էր հնարավոր թեկնածու, նույնիսկ` Նիկոլա Սարկոզիի հիմնական մրցակիցը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG