Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները իշխանությունների կողմից բարեփոխումներ անցկացնելու պատրաստակամություն չեն տեսնում


Արխիվ -- Ընդդիմադիր ակտիվիստների բողոքի ցույցը կալանավորված ընդդիմադիրներին ազատելու պահանջով, 18-ը հունվարի, 2011թ.
Արխիվ -- Ընդդիմադիր ակտիվիստների բողոքի ցույցը կալանավորված ընդդիմադիրներին ազատելու պահանջով, 18-ը հունվարի, 2011թ.
Անդրադառնալով աշխարհում, այդ թվում` Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ Amnesty International միջազգային հեղինակավոր կազմակերպության պատրաստած զեկույցին` հայաստանցի իրավապաշտպանները նշում են, որ հանրապետությունում մարդու իրավունքների վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Իրավունքի եւ ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Հարությունյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ վերջին տարիներին Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային ամենատարբեր կազմակերպությունների հրապարակած զեկույցներում կա մեկ ընդհանրություն:

«Բոլորն էլ անդրադառնում են Հայաստանի համար նույն ցավոտ խնդիրներին եւ դնում են, ըստ էության, նույն պահանջները, որ պետք է իշխանությունները հարգեն մարդու իրավունքները, հասնեն նրան, որ երկրում լինի իրական ժողովրդավարություն, եւ այդ ամեն ինչի համար կատարեն կարեւորագույն քայլերից մեկը` 2008 թվականի հետընտրական պրոցեսներից առաջացած վիճակի հարթումը», - նշեց Հարությունյանը` հավելելով, որ Amnesty International-ը «կարող էր լինել ավելի խիստ, ինչպես օրինակ` Միացյալ Նահանգների պետքարտուղարության զեկույցն էր»:

Amnesty International-ի օրերս հրապարակած զեկույցում մասնավորապես նշված է, թե 2010թ. տարեվերջի դրությամբ այդպես էլ անկախ քննություն չի իրականացվել 2008թ. հետընտրական հասարակական բողոքների մասնակիցների նկատմամբ անհարկի ուժ կիրառելու հարցով, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել 10 մահվան գործերով, 9 զոհերի հարազատները գլխավոր դատախազությանը մեղադրել են անգործունեության համար, սակայն բոլոր ատյանների դատարանները մերժել են հայցերը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանն առանձնացրեց հենց այդ հատվածը:

«Ես ուրախ եմ, որ վերջիվերջո Amnesty International-ը անդրադարձավ Մարտի 1-ի գործերին եւ նշեց, որ Հայաստանում դեռ չեն բացահայտվել Մարտի 1-ի մարդասպանությունները», - նշեց իրավապաշտպանը: Ինչ վերաբերում է վերջին տարիներին Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին իր կազմակերպության գնահատականներին, ապա Միքայել Դանիելյանը կարծիք հայտնեց, որ եթե վիճակը չի վատացել, ապա միանշանակ` չի էլ բարելավվել:

Նույնպիսի գնահատական տվեց նաեւ Վարդան Հարությունյանը. - «Տարի առ տարի մենք նահանջում ենք: Ես նույնիսկ այս տարին կհամարեմ ավելի հետընթաց, քան նախորդը, երբ ունեինք ավելի շատ քաղբանտարկյալներ: Որովհետեւ այն ժամանակ գոնե չէր գնում այսպիսի բացահայտ առեւտուր մարդկանց ճակատագրերը տնօրինելու` ազատել-չազատելու հարցով: Արդեն երկու ամիս իշխանություններից հասարակությունը սպասում է մի շատ սովորական քայլ` ազատել քաղբանտարկյալներին: Եվ նրանք դա այնքան են ձգում, որ այդ ազատ արձակումը կորցնում է իր ամբողջ էությունը»:

Երկու իրավապաշտպաններին էլ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, թե, ցավոք, իրենք Հայաստանի իշխանությունների կողմից չեն տեսնում պատրաստակամություն` մարդու իրավունքներին առնչվող խնդիրները լուծելու առումով:

«Ես չեմ հավատում, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են ինչ-որ բարեփոխումներ անելու: Դա միայն կապված է Հայաստանի իշխանությունների նկատմամբ գործադրվող ճնշման հետ: Օրինակ` տեսնում ենք ֆինանսական այս ճնշումը, որը կապված է «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի հետ: Եվ իրենց բարեփոխումները եւ քայլերը դեպի ընդդիմության հետ համատեղ քայլեր գտնելու, երկխոսություն անելու, միայն պատրանք են, որ իրենք պատրաստ են ինչ-որ քայլեր անելու», - ասաց Միքայել Դանիելյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG