Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը դժգոհ է «Հավաքների ազատության» մասին նոր օրենքից


ՀԱԿ-ի հանրահավաքը Ազատության հրապարակում, 28 ապրիլի

ՀԱԿ-ի հանրահավաքը Ազատության հրապարակում, 28 ապրիլի

Ազատության հրապարակում մայիսի 31-ին հանրահավաք անցկացնելու մասին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մայիսի 11-ի դիմումը քաղաքապետարանի կողմից անվավեր է ճանաչվել, քանի որ այն համապատասխանել է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» արդեն ուժը կորցրած օրենքին:

Ընդդիմությունը ուրբաթ օրը նոր իրազեկում է ներկայացրել` մայիսի 2-ից ուժի մեջ մտած նոր օրենքի համապատասխան: Քաղաքապետարանը հավաքն արտոնելու մասին որոշում արդեն կկայացնի ոչ թե 72 ժամվա, այլ 5 օրվա ընթացքում:

«Հավաքների ազատության մասին» նոր օրենքը նաեւ հանրահավաքի կազմակերպիչներին է առաջադրում նոր պահանջներ: Մասնավորապես դիմումում պետք է նշվի հավաքի մասնակիցների սպասվող թիվը, հավաքի նպատակը, օգտագործվելիք առարկաները կամ տեխնիկական միջոցները: «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, թե ի՞նչն է այս ամենը նշելու նպատակը, Երեւանի քաղաքապետարանի աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Գագիկ Բաղդասարյանը ասաց հետեւյալը. - «Եթե մասնակիցների թիվը 10 հազար է, այդ դեպքում 1 կամ 2 շտապօգնության մեքենան բավարար կլինի, եթե մի քանի անգամ ավելին է, ապա սպասարկման խնդիրը փոխվում է, նույնը` ոստիկանության դեպքում», - ասաց Բաղդասարյանը` հավելելով, թե հանրահավաքի նպատակը ճշտելն էլ անհրաժեշտ է, որպեսզի լիազոր մարմինը որոշի այն արտոնել, թե` ոչ:

Նոր օրենքով հանրահավաքը կարգելվի, եթե նշված լինի, որ նպատակը սահմանադրական կարգի բռնի տապալումն է, բռնություն կամ պատերազմ, ազգային, կրոնական ատելություն քարոզելը եւ այլն: Եթե նախապես դիմումում նշված չլինի, բայց հնչեն նմանատիպ ելույթներ` հանրահավաքի կազմակերպիչը պատասխանատվություն է կրում, ոստիկաններն էլ միջամտելու իրավունք ունեն: Հավաքի իրազեկման դիմում ստանալուց հետո քաղաքապետարանն պետք է այդ մասին անմիջապես տեղեկացնի ոստիկանությանը եւ ստանա ոստիկանության դրական կամ բացասական կարծիքը:

Մինչ քաղաքապետարանի ներկայացուցիչը նոր օրենքը համարում է մեկ քայլ առաջ, ընդդիմադիր ՀԱԿ-ը արդեն պաշտոնապես հրապարակել է իր մտահոգություններն ու բացասական կարծիքը` հայտարարելով, որ օրենքը զգալի հետընթաց է պարունակում, եւ դրա հեղինակները հետապնդել են հավաքների ազատության իրավունքի իրացումը խոչընդոտելու, սահմանափակելու եւ արգելելու քողարկված նպատակ:

Կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի պատասխանատու Արմեն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ընդլայնվել են հանրահավաքին` ոստիկանության միջամտելու հնարավորությունները, եւ օրենքում առկա բազմաթիվ «լղոզված» ձեւակերպումները կարող են իրավապահների կամայական գործողությունների առիթ դառնալ:

Օրենքը նախատեսում է սահմանափակել հավաքների ազատությունը, երբ պետական անվտանգության եւ հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը գերակայում են հավաքի ազատության նկատմամբ։ Սակայն, ընդդիմության պնդմամբ, անհայտ է , թե ով կամ որ մարմինն է որոշելու, ինչ չափանիշների հիման վրա է որոշվելու կոնկրետ իրավիճակներում հավաքի ազատության իրավունքն է գերակա, թե այդ շահերը: Բացի այդ, նոր օրենքը հնարավորություն է տալիս նույն տեղում նույն օրը միաժամանակ երկու տարբեր միջոցառումներ անցկացնել` օրինակ հանրահավաք եւ որեւէ այլ միջոցառում, եթե չկա դրանց մասնակիցների բախման անմիջական վտանգ: Ընդդիմությունը այս նորմը պայթյունավտանգ է համարում` վկայակոչելով Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Թահիրի հրապարակում նախկին նախագահ Մուբարաքի կողմնակիցների եւ ընդդիմության բախման օրինակը:

Նոր օրենքում հստակ նշված են հավաքի մասնակիցների պարտականությունները, բայց շարադրված չեն նրանց իրավունքները, ինչը ընդդիմությունը պատահական չի համարում: Նրանք պատահական չեն համարում նաեւ օրենքի այն դրույթը, որով արգելվում է հավաքի անցկացումը ոչ միայն նախագահի նստավայրի մոտ, այլեւ Ազգային ժողովի, կառավարության շենքերից, դատարաններից կամ քրեակատարողական հիմնարկներից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը:

Օրենքի այս շեշտադրումներով մտահոգված է նաեւ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը:

«Դրանք ռազմավարական օբյեկտներ չեն, ընդամենը քաղաքական մարմինների նստավայրեր են, եւ եթե քաղաքացին իր բողոքը այդ ինստիտուտներին չպետք է հայտնի, այդ դեպքում ո՞ւմ պետք է հայտնի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

Նա դժվարացավ ասել, թե այս օրենքը որքանով կնպաստի հավաքների ազատությանը, սակայն շեշտեց, թե, հաշվի առնելով, թե ինչպիսին է եղել մինչ այժմ իշխանությունների գործողությունները, «մեծ հույսեր չի տածում»:

ՀԱԿ-ի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն էլ տպավորություն ունի, օրենսդիր մարմինը ցանկացել է կոնկրետությունից գնալը դեպի հետ, որպեսզի «ցանկացած պահի կարողանա սահմանափակել խաղաղ հավաքների իրավունքը»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG