Մատչելիության հղումներ

Էմմին չի բողոքարկել «Եվրատեսիլ»-ի արդյունքները


Էմմիի «Եվրատեսիլ-2011»-ի կիսաեզրափակիչ փուլի ելույթը
Էմմիի «Եվրատեսիլ-2011»-ի կիսաեզրափակիչ փուլի ելույթը
«Եվրատեսիլ-2011» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Էմմիի մայրը` Նադեժդա Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ Էմմին չի բողոքարկել մրցույթի արդյունքները, ինչպես նախօրեին տեղեկացրել էին հայկական լրատվամիջոցները:

«Եվրատեսիլ» մրցույթի պաշտոնական ներկայացուցիչը «Հ1»-ն է (Հանրային հեռուստաընկերությունը), միայն «Հ1»-ը կարող է ինչ-որ գործողություն անել, որը եւս չի բողոքարկել», - ասում է Նադեժդա Սարգսյանը` հավելելով, թե մանրամասներին կտեղեկացնեն մամլո ասուլիսի ժամանակ` հայաստանյան պատվիրակության վերադարձից հետո:

Հայկական լրատվամիջոցները երեկ գրել էին, թե Էմմին մրցույթի չորս այլ երկրների մասնակից երգիչների հետ բողոքարկել է Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում մայիսի 10-ին կայացած «Եվրատեսիլ»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլի արդյունքները` պատճառաբանելով, որ մրցույթը Եվրոպայի շատ երկրներում պատշաճ կերպով չի հեռարձակվել, որի հետեւանքով էլ հեռուստադիտողներից շատերը չեն կարողացել կարճ հաղորդագրություններ ուղարկել իրենց նախընտրած երգչի եւ երգի օգտին:

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը այսօր հայտարարություն է տարածել, որում ասում է, թե Էմմիի` եզրափակիչ չանցած «Boom-boom» երգը համարվում էր ակնհայտ առաջատար եւ լուրջ մրցակից բոլոր մասնակիցների համար:

«Այդ էին վկայում արտասահմանյան մամուլի ամենօրյա անդրադարձները, Գերմանիան ներկայացնող Լենայի առանձնահատուկ համակրանքն ու ուշադրությունը մեր երգի նկատմամբ, ինչպես նաեւ այն, որ ակումբներում առավելապես հնչում էր հենց այս երգը», - ասված է Գոհար Գասպարյանի հայտարարությունում:

Գասպարյանը հայտնում է, որ եզրափակիչ փուլ չանցավ նաեւ Նորվեգիան ներկայացնող երգիչը, ով «նույնպես համարվում էր առաջատար եւ ակնհայտորեն լավ հանդես եկավ»: Գասպարյանի տեղեկացմամբ` Հանրային հեռուստաընկերության եւ Էմմիի համագործակցությունը կշարունակվի նոր նախագծերով:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ»-ի մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 14-ին, որին կմասնակցեն 25 երկրների, այդ թվում` Հայաստանի հարեւան Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG