Մատչելիության հղումներ

Շաբաթ երեկոյան թանգարանները կգործեն անվճար եւ կունենան հատուկ ցուցադրություններ


Պատմության թանգարանի շենքը Երեւանում

Պատմության թանգարանի շենքը Երեւանում

Շաբաթ օրը՝ մայիսի 14-ին, Հայաստանի 60 թանգարաններում անցկացվում է «Թանգարանային գիշեր» ակցիան: Երեկոյան ժամը 6-ից մինչեւ կեսգիշեր թանգարանները կգործեն անվճար եւ կունենան հատուկ թեմատիկ ցուցադրություններ` «Գրավոր հիշողություն» խորագրի ներքո:

«Թանգարանային գիշեր» ակցիան այն եզակի ծրագրերից է, որը տալիս է մշակույթին մասսայական հաղորդակցվելու հնարավորություն, եւ մենք փորձում ենք ավելի օպտիմալ օգտագործել այս հնարավորությունը», - այսօր առաջիկա ակցիայի առնչությամբ Ազգային պատկերասրահում հրավիրած ասուլիսում ասաց Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` շարունակելով. - «Մեզ ոգեւորում է այն հանգամանքը, որ վերջին տարիներին աճել է ե՛ւ հաճախողների քանակը, ե՛ւ թանգարանների ներգրավվածությունը այս ծրագրին: Եթե 2009 թվականին «Թանգարանային գիշեր» ակցիային մասնակցում էր 26 թանգարան, 2010-ին` 42, այս տարի արդեն 60 թանգարան»:

Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, այս տարի «Թանգարանային գիշեր» ակցիայի շրջանակում անվճար թանգարան այցելողներին կտրվի նաեւ հատուկ կտրոն, եւ ամենաշատ թանգարաններ այցելած մարդիկ նվերների կարժանան:

«Թանգարանային գիշեր» ակցիան անցկացվում է մի շարք եվրոպական երկրներում` Եվրոպայի խորհրդի եւ UNESCO-ի հովանու ներքո: Հայաստանը այս նախաձեռնությանը միացել է 2005 թվականից:
XS
SM
MD
LG