Մատչելիության հղումներ

Հինգշաբթի օրը Վիեննայում` ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում հրապարակած հայտարարությունում Եվրամիությունը արձանագրել է վերջին քաղաքական զարգացումները Հայաստանում` դրական որակելով դրանք:

«Մենք ողջունում ենք այն փաստը, որ երկար ժամանակ անց առաջին անգամ Երեւանի քաղաքային իշխանությունները թույլատրեցին քաղաքական ընդդիմությանը ապրիլի 28-ին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում», - հայտարարում է Եվրամիությունը` հույս հայտնելով, որ հանրահավաք անցկացնելու հետագա դիմումները կարժանանան նույն արձագանքին:

«Այս հանրահավաքի ընթացքում պահպանվեց կարգուկանոնը, ինչը, ըստ ամենայնի, արդյունք էր իրավապահ մարմինների եւ ընդդիմադիր խմբերի միջեւ արդյունավետ համագործակցության: Հաշվի առնելով, որ 2012 թվականին Հայաստանում մեկնարկելու է նոր ընտրաշրջանը, մենք առանձնակի կարեւորություն ենք տալիս հավաքների ազատության հարգմանը», - ասված է հայտարարությունում:

Եվրամիությունը նաեւ ողջունում է նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 20-ի հայտարարությունը, որտեղ կոչ է արվում առավել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների առնչությամբ: «Այդ նույն համատեքստում ողջունում ենք, որ այդ դեպքերից հետո դատապարտված եւ ազատազրկված երեք ընդդիմադիր ակտիվիստներ` Հարություն Ուռուտյանը, Ռոման Մնացականյանը եւ Արամ Բարեղամյանը, վերջին շաբաթների ընթացքում վաղաժամ ազատ են արձակվել: Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին շուտ ազատ արձակել բոլոր մնացյալ ակտիվիստներին», - ասված է հայտարարությունում: - «Եվրոպական միությունը գտնում է, որ 2008 թվականի մարտյան դեպքերի մանրակրկիտ հետաքննությունը եւ այդ դեպքերի առնչությամբ ձերբակալված բոլոր անձանց ազատ արձակումը կօգնեն Հայաստանի իրական առաջխաղացմանը»:

Վերջապես, Եվրամիությունը «ցանկանում է եւս մեկ անգամ հաստատել այն կարեւորությունը, որ տրվում է Հայաստանի հետ հարաբերությունների ակտիվացմանը, եւ հորդորում է Հայաստանի կառավարությանը լիարժեքորեն օգտվել Արեւելյան գործընկերության ու Եվրոպական հարեւանության քաղաքականության ընձեռած հնարավորություններից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG