Մատչելիության հղումներ

Վարչապետը «կայուն վերականգնման տարի» է որակում 2010 թվականը


Վարչապետ Տիգրան Սարգսյանը ուրբաթ օրը Ազգային ժողովում ներկայացրեց 2010 թվականի բյուժեի կատարողականը` անցած տարին բնորոշելով որպես «կայուն վերականգնման տարի»:

«2010 թվականը կարելի է բնութագրել որպես աստիճանաբար, բայց կայուն վերականգնման տարի, որի ընթացքում մենք շարունակեցինք աշխատել շատ պարզ եւ հասկանալի հակաճգնաժամային ծրագրի տրամաբանության ներքո», - նշեց նա:

Երկու ամիս առաջ, հիշեցնենք, Հայաստանի նախագահի նստավայրում տնտեսական քաղաքականության առաջնահերթություններին նվիրված խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով տնտեսական խնդիրներին, ի թիվս այլ հանգամանքների, վկայակոչել էր նաեւ «տնտեսական ճգնաժամի հետեւանքներից դեռեւս չապաքինված մեր տնտեսության հնարավորությունների պակասը»:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Տիգրան Սարգսյանի այսօրվա հայտարարության կապակցությամբ իր դիրքորոշումը հիմնավորեց Հայաստանի տնտեսության եւ համաշխարհային ֆինանսական շուկայում արձանագրված պատկերի համադրությամբ:

«2009-ին աշխարհի տնտեսությունը անկում ապրեց 1.7 տոկոսով: 2010-ին` աճեց 4.2 տոկոսով: Հայաստանի տնտեսությունը 2009-ին անկում ապրեց 15 տոկոսով, 2010-ին Հայաստանի տնտեսությունը աճեց ընդամենը 2 տոկոսով: 15 տոկոս կորցրել են, դրանից 2 տոկոսը հետ են բերել: Մենք շարունակում ենք աշխարհի համեմատ հետ գնալ: Ո՞րն է կառավարության քաղաքականությունը եղել, որը, իբր թե, բերել-կայունացրել է վիճակը», - ասաց Բագրատյանը:

Վարչապետն այսօր հրապարակեց 2010 թվականի մակրոտնտեսական ցուցանիշները. - «Համախառն ներքին արդյունքի աճը ծրագրավորված 1.2 տոկոսի փոխարեն կազմեց 2.1 տոկոս… արդյունաբերությունում մենք արձանագրեցինք 10.5 տոկոս աճ, մշակվող արդյունաբերությունում` 13.6 տոկոս աճ, հանքարդյունաբերությունում` 19.1 տոկոս աճ»:

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Հրանտ Բագրատյանի արձագանքը. - «Ի՞նչն են գովում Հանրապետական կուսակցությունն ու Տիգրան Սարգսյանը: Ստում է վարչապետը: Ստում է, որովհետեւ իրական ձեւը չի ասում: Հանքարդյունաբերությունում անկումը եղել էր 32 տոկոս… ի՞նչ աճի մասին է խոսքը: Էքսպորտի վրա աճող ճյուղերում նաեւ գները… 2010-ին պղնձի եւ մոլիբդենի միջին գներն ավելի բարձր են, քան մինչեւ ճգնաժամը. այդ պայմաններում մենք դեռ մի 20 տոկոս հեռու ենք նախաճգնաժամային մակարդակից: Սա պետք է մտահոգի»:

Նախագահի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ, հիշեցնենք, կառավարության հասցեագրվել էր հորդոր արդյունաբերության եւ ծառայության ոլորտում «հսկայական աշխատանք» կատարելու անհրաժեշտության մասին: Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել էր. - «Պետք չէ հանգստանալ այն փաստով, որ 2009 թվականի արդյունքներով 9 տոկոսանոց աճ ենք ունեցել արդյունաբերությունում»:

Վարչապետն այսօր ասաց, որ համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվել բյուջեի դեֆիցիտի նվազեցման ուղղությամբ, որպեսզի «բյուջեի պակասուրդը նվազի` հասնելով մեր ծրագրային ցուցանիշներին». - «Այդ տեսակետից մենք նույնպես պետք է արձանագրենք, որ բյուջեի դեֆիցիտը 7.7 տոկոսային կետից 2010 թվականին էապես նվազել է եւ կազմել է 5 տոկոս»:

Բագրատյանը հարց է բարձրացնում` իսկ ինչի՞ հաշվին է նվազել. - «Բյուջեի պակասուրդի նույնիսկ այդ փոքր իջեցման առյուծի բաժինը պատկանում է ինֆլյացիային: Որովհետեւ սղաճը օգնում է մի փոքր բյուջեն արհեստականորեն բարձրացնելուն: Իսկ սղաճը 2010-ին ծրագրված 4 տոկոսի փոխարեն եղել է 9.5 տոկոս: Այսինքն` որեւէ տեղ առաջընթաց չկա»:

Հիշեցնենք Հայաստանի նախագահի դիրքորոշումը դեֆիցիտի վերաբերյալ. - «Ես հասկանում եմ, որ պլանավորված բյուջեի դեֆիցիտի էապես նվազեցված մակարդակը, տնտեսական աշխուժացումը, դրամավարկային քաղաքականությունը որոշակի արդյունքների հանգեցնելու են: Բայց մեզ դա բավարար չէ, մեզ ավելին է հարկավոր»:
please wait

No media source currently available

0:00 0:04:09 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG