Մատչելիության հղումներ

Տիգրան Թորոսյան. «Քվեարկել ենք, որ ամեն ինչ բացահայտվի»


Մյասնիկ Մալխասյանը եւ Հակոբ Հակոբյանը Ազգային ժողովի 2008 թվականի մարտի 4-ի նիստի ժամանակ

Մյասնիկ Մալխասյանը եւ Հակոբ Հակոբյանը Ազգային ժողովի 2008 թվականի մարտի 4-ի նիստի ժամանակ

Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձավ 2008 թվականի մարտիմեկյան դեպքերից հետո չորս պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու փաստին:

«Երբ երեք տարի անց եք նայում այդ իրադարձություններին` ափսոսանք չի՞ առաջանում ձեզ մոտ, որ, ըստ էության, խորհրդարանը հավանություն տվեց պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու, դատապարտվեցին, մի մասը իրենց պատիժը կրեցին դուրս եկան, Սասուն Միքայելյանը դեռեւս գտնվում է անազատության մեջ եւ առողջական լուրջ խնդիրներ ունի», - այս հարցին Թորոսյանը պատասխանեց. - «Գիտեք, գնահատելու համար որոշումները` ինչ-որ ժամանակ ընդունված, պետք է հաշվի առնել այդ ժամանակներում իրավիճակը»:

«Անցել էր ընդամենը մի քանի օր այն բանից հետո, երբ 10 մարդ էր զոհվել, եւ գլխավոր դատախազը եկավ խորհրդարան եւ ասաց, որ լիարժեքորեն ամեն ինչ բացահայտելու համար անհրաժեշտ է, որ չորս պատգամավորներ անձեռնմխելիությունից զրկվեն», - ասաց Ազգային ժողովի նախկին նախագահը: - «Ուզում եմ հիշեցնել, որ այդ պատգամավորներից մեկը, մեր գործընկերներից մեկը [Հակոբ Հակոբյանը] ամբիոնից ելույթի ժամանակ հայտարարեց, որ «եթե իսկապես ամեն ինչ բացահայտելու համար անհրաժեշտ է, որ իմ խափանման միջոցը ընտրվի կալանք, ես համաձայն եմ»: Եվ ես կարծում եմ` ինքը անկեղծ էր ասում, եւ նույնքան անկեղծ ինքս եւ էլի շատ մարդիկ, այո, քվեարկել ենք այդ բանի համար, որ ամեն ինչ բացահայտվի, որովհետեւ հասարակության պահանջը առաջին հենց դա էր»:

«Այն, ինչ այդ ժամանակ տեղի ունեցավ, կարծում եմ` այդ իրավիճակում ճիշտ քայլ էր եւ ճիշտ որոշում էր, հակառակ դեպքում` անընդհատ խորհրդարանին մեղադրելու էին` «այդ դուք թույլ չտվեցիք, որ ամեն ինչ բացահայտվի»: Իսկ հիմա շատ հարցեր իրենց պատասխանները չեն ստացել, եւ այսօր, թերեւս, քավության նոխազներ պիտի փնտրեն, թե ով էր պատճառը, որ դա չեղավ», - ասաց Թորոսյանը:

«Երկրորդ, ինչ վերաբերում է պատգամավորներին` դեռ 2008 թվականին առիթներ եղել են ասելու, որ շատ երկար ժամանակ պատգամավորի նկատմամբ, եթե անգամ խորհրդարանը իրենց զրկել է անձեռնմխելիությունից, կալանքը որպես խափանման միջոց ընտրելը ճիշտ չէ, պիտի քննիչները արագ գործը վերջացնեն` պարզ լինի. եթե մարդը իսկապես մեղավոր է, ապա պիտի իր պատիժը կրի, եթե ոչ` ուրեմն պիտի փոխվի այդ ամենը», - նշեց Տիգրան Թորոսյանը` հավելելով. - «Եվ կարծում եմ, ճիշտ կլիներ, որ 2008-ի աշնանը ամեն դեպքում խորհրդարանը անդրադառնար այդ խնդրին, բայց այդ ժամանակվա համար, կարծում եմ, ուրիշից պիտի հարցերի պատասխաններ ակնկալեք»:

Հարցին, թե իր կարծիքով` այդ պատգամավորները, ի վերջո, մեղավորություն ունեի՞ն մարտիմեկյան իրադարձություններում, նախկին խոսնակը արձագանքեց. - «Դա շատ պատասխանատու բան է, որ որեւէ մեկը առանց գործի մանրամասներին տեղյակ լինելու նման հայտարարություն անի: Կարծում եմ, շատ լավ գիտեք, որ ես ոչ դատավոր եմ, ոչ դատախազ, ոչ էլ քննիչ, որ նման բան կարողանամ ասել: Բայց ուրիշ բան կարող եմ վստահաբար ասել` դատավարությունները, ցավոք սրտի, վարկաբեկեցին ե'ւ մեր երկիրը, ե'ւ դատարանները: Սա վստահաբար կարող եմ ասել, որովհետեւ այն, ինչ տեղի էր ունենում, իսկապես անթույլատրելի էր»:

Գլխավոր դատախազի միջնորդությունը՝ պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանին, Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին եւ Սասուն Միքայելյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ կալանավորելու թույլտվություն տալու մասին, Ազգային ժողովը բավարարեց 2008 թվականի մարտի 4-ին:

Խաչատուր Սուքիասյանի դեպքում կողմ քվեարկեց 85, դեմ` 22 պատգամավոր, Հակոբ Հակոբյանի դեպքում՝ կողմ 84, դեմ` 20, Մյասնիկ Մալխասյանի դեպքում՝ կողմ` 84, դեմ` 22, Սասուն Միքայելյանի դեպքում՝ կողմ` 86, դեմ` 20 պատգամավոր:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG