Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանը ՄԱԿ-ում հակադարձում է Ադրբեջանին


ՄԱԿ-ի կենտրոնակայանում տարածվել է Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանի նամակը` ուղղված կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունին ի պատասխան Ադրբեջանի ներկայացուցչի նախապես տարածած նամակի:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Նազարյանի նամակում նշվում է, որ «անբարո են կեղծիքներ տարածելու եւ երեխայի կյանքը որպես քարոզչության գործիք օգտագործելու նպատակով Ադրբեջանի փորձերը»:

Նման փորձերի փոխարեն, ընդգծել է Հայաստանի ներկայացուցիչը, «Ադրբեջանը պետք է հրաժարվի շփման գծում սադրանքների իր արկածախնդիր պրակտիկայից, որը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը»: Այդ գործողությունները, ինչպես նշել է Կարեն Նազարյանը, կոպտորեն խախտում են 1994 թվականին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ ստորագրված հրադադարի համաձայնությունը:

ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը նշել է նաեւ, որ Ադրբեջանը պետք է հարգի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կոչերը` շփման գծից դիպուկահարներին հանելու մասին:

Մարտի սկզբին ադրբեջանական աղբյուրները հաղորդագրություն էին տարածել, թե հայ դիպուկահարի կրակոցից ադրբեջանցի 9-ամյա տղա է զոհվել: Թեեւ հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը, պաշտոնական Բաքուն միջազգային ատյաններում, այդ թվում ՄԱԿ-ում շարունակում է նման պնդմամբ հանդես գալ, ինչին էլ հակադարձել է Կարեն Նազարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG