Մատչելիության հղումներ

Amnesty International-ը հրապարակել է 2011 թվականի զեկույցը: 400-էջանոց փաստաթղթում ներկայացված է մարդու իրավունքների վիճակը 157 երկրներում: Զեկույցն ընդգրկում է 2010 թվականի տեղեկությունները:

Amnesty International-ի զեկույցում ներկայացված է մարդու իրավունքների խախտումների հինգ կատեգորիա` «Մահվան դեպք ոստիկանության բաժանմունքում», «Անպատժելիություն», «Խոսքի ազատություն», «Բռնություն կանանց եւ աղջիկների նկատմամբ» եւ «Խղճի բանտարկյալներ»:

Հայաստանին վերաբերող բաժնում «Մահվան դեպք ոստիկանության բաժանմունքում» կատեգորիայում նշվում է, որ սեպտեմբերին Հայաստան կատարած այցի ընթացքում քրեակատարողական հիմնարկներում կամայականությունների դեմ պայքարի հարցով ՄԱԿ-ի աշխատանքային խումբը մտահոգություն է հայտնել ձերբակալվածների եւ բանտարկյալների նկատմամբ բռնություններ գործադրելու փաստերի կապակցությամբ:

2010 թվականի ապրիլին Չարենցավանի ոստիկանության բաժանմունքում դաժան ծեծի է ենթարկվել եւ մահացել է գողության կասկածանքով բերման ենթարկված Վահան Խալաֆյանը: Իշխանությունները նախ փորձել են դեպքը ներկայացնել որպես ինքնասպանություն, սակայն նոյեմբերին երկու ոստիկաններ դատապարտվել են Խալաֆյանին բռնության միջոցով ինքնասպանության հասցնելու համար, նշում է հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը:

«Անպատժելիություն» կատեգորիայում զեկույցը փաստում է, որ 2010 թվականի տարեվերջի դրությամբ այդպես էլ անկախ քննություն չի իրականացվել 2008 թվականի ետընտրական հասարակական բողոքների մասնակիցների նկատմամբ անհարկի ուժ կիրառելու հարցով։ Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել 10 մահվան գործերով, 9 զոհերի հարազատները գլխավոր դատախազությանը մեղադրել են անգործունեության համար, սակայն բոլոր ատյանների դատարանները մերժել են հայցերը:

«Խոսքի ազատություն» կատեգորիայում Amnesty International-ը անդրադարձել է «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի 3 տարի 11 ամիս պատժաժամկետին` նշելով, որ բանտարկյալը, ըստ հաղորդագրությունների, քրեակատարողական հիմնարկում հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից:

«Բռնություն կանանց եւ աղջիկների նկատմամբ» հատվածում ասվում է, որ վարչապետի հրամանագրով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը կոչված է պայքարել գենդերային բնույթի բռնությունների դեմ: Հոկտեմբերին ամուսնու եւ սկեսրոջ կողմից ծեծի է ենթարկվել եւ մահացել է 20-ամյա Զարուհի Պետրոսյանը:

«Խղճի բանտարկյալներ» կատեգորիայում նշվում է, որ Հայաստանում ազատազրկված է զինծառայությունից հրաժարված 73 տղամարդ:

Amnesty International-ը փաստում է, որ առնվազն 89 երկրներում սահմանափակվում է ազատ խոսքը, 48 երկրներում կան «խղճի բանտարկյալներ», 98 երկրների բանտերում եւ ոստիկանության բաժանմունքներում գործադրվում են բռնություններ, եւ 54 երկրներում տեղի են ունեցել անարդար դատավարություններ:

Այս տարվա մայիսի 28-ին հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը նշում է հիմնադրման 50-ամյակը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG