Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի խոսքով, 2008 թվականի մարտի 1-ին, երբ Երեւան քաղաքում արտակարգ դրություն մտցնելու հարցը նախագահ Ռոբերտ Քոչարյանը համաձայնեցնում էր իր հետ, բանակի ներգրավման մասին խոսք չի գնացել:

2008 թվականի մարտի 1-ին հրավիրած ասուլիսի ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր Երեւանում արտակարգ դրություն մտցնելու մասին, նա նաեւ ասել էր. - «Մենք ստիպված ենք բանակի հնարավորությունները կիրառել կարգ ու կանոն հաստատելու համար»:

«Բնականաբար բանակի մասին խոսք չի գնացել, եւ չէր կարող խոսք լինել, որովհետեւ արտակարգ դրությունը չի ենթադրում բանակի օգտագործում», - այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Տիգրան Թորոսյանը: - «Բանակի ներգրավումը որեւէ տեղ որեւէ ժամանակ որեւէ կապ չունի խորհրդարանի հետ, առավել եւս` եթե խնդիրը պատերազմին չի վերաբերում: Միայն պատերազմի դեպքում է, որ խորհրդարանը համապատասխան արձագանք պիտի անի»:

Օրերս «Մեդիամաքս» գործակալությանը տված իր հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը ընդգծել էր, որ արտակարգ դրությունը Երեւանում մտցվել է Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ համաձայնեցնելուց հետո, այնուհետեւ այն հաստատվել է խորհրդարանում:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Քոչարյանի ասածը չի նշանակում, որ արտակարգ դրության եւ դրանից բխող հետեւանքների համար պատասխանատվություն է կրում նաեւ Տիգրան Թորոսյանը` իբրեւ Ազգային ժողովի նախագահ, վերջինս պատասխանեց, որ երբ երկրում արտասովոր իրադարձություն է կատարվում, բոլորն էլ, առավել եւս` պետական մարմինները, ինչ-որ չափով պատասխանատվություն ունեն:

«Ես այսօր էլ ավելի քան համոզված եմ, որ արտակարգ դրությունը մտցվել է անհրաժեշտաբար, որովհետեւ կարող էին ավելի շատ զոհեր լինել: Ես համոզված եմ նաեւ, որ արտակարգ դրության մտցնելը հնարավորություն տվեց խուսափել նոր զոհերից: Արտակարգ դրության մտցնելու հետ կապված այդ խորհրդակցությունը հանրապետության նախագահի հետ նախատեսված է Սահմանադրությամբ, եւ, իհարկե, դա արվել է», - հավելեց նա:

Ազգային ժողովի նախկին նախագահը նշեց, թե իրավական առումով խորհրդարանի բոլոր պատգամավորները կողմ էին, որ արտակարգ դրություն մտցվի, քանի որ Սահմանադրությունը եւ ԱԺ կանոնակարգ օրենքը նախատեսում են, որ արտակարգ դրություն մտցնելու հետ կապված Ազգային ժողովի հատուկ նիստ հրավիրելու դեպքում նախագահի հրամանագրի հետ անհամաձայնություններ ունեցող պատգամավորները կարող են սեփական նախագիծը ներկայացնել:

«Որեւէ պատգամավոր, անկախ այն բանից, թե նա մեծամասնության մեջ էր, թե ընդդիմության, նման նախագիծ չի ներկայացրել: Հետեւաբար, իրավական առումով Ազգային ժողովի բոլոր պատգամավորները կողմ էին, որ արտակարգ դրություն մտցվի: Եվ ես ավելի քան համոզված եմ, որ հենց նույն պատճառով` որ հնարավոր լինի խուսափել զոհերից», - պարզաբանեց Տիգրան Թորոսյանը:

Տիգրան Թորոսյանը նաեւ հայտարարեց, թե երբեք չի ասվել, որ «ինչ-որ մեկը մեղավոր է Մարտի 1-ի համար եւ վերջ»:

«Իհարկե, կան հարցեր, որոնց պատասխանները պետք է տրվեն: Առաջին հերթին` ի՞նչ իրավիճակում, եւ ինչպե՞ս զոհվեցին այդ մարդիկ», - պարզաբանեց Թորոսյանը` հավելելով, սակայն, թե ինքը լիազորություններ չունի այդ հարցը պարզելու:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG