Մատչելիության հղումներ

Լրանում է ոստիկանությունում Լեւոն Գուլյանի մահվան չորրորդ տարելիցը


Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը եւ Հայաստանի հելսինկյան կոմիտեն կոչ են անում Հայաստանի իշխանություններին հետաքննել եւ վերսկսել Լեւոն Գուլյանի մահվան շուրջ նախաքննությունը։

«2011 թվականի մայիսի 12-ին լրանում է Լեւոն Գուլյանի ողբերգական մահվան չորրորդ տարելիցը, սակայն մինչ օրս որեւէ մեկը դատարանի առջեւ չի կանգնել այս գործով», - արձանագրում են իրավապաշտպան կազմակերպությունները՝ հիշեցնելով, որ Գուլյանը մահացել է Երեւանի ոստիկանության բաժանմունքներից մեկում, որտեղ հանդես էր գալիս որպես սպանության գործով վկա։

«Մահվանից առաջ Գուլյանը երեք օր անցկացրել է ոստիկանությունում, նրա դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր, ինչը հաշվի առնելով՝ կասկած ունենք, որ պատուհանից ցած նետվելուց առաջ նա բռնության եւ վատ վերաբերմունքի է արժանացել ոստիկանությունում», - հայտարարում են Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան, Հայաստանի հելսինկյան կոմիտեն եւ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը։

Իրավապաշտպանները հիշեցնում են, որ 2011 թվականի մարտի 21-ին Հատուկ քննչական ծառայությունը երրորդ անգամ է կարճել է գործը, այն դեպքում, երբ դրանից ամիսներ առաջ Վճռաբեկ դատարանը բավարարել էր Գուլյանի իրավահաջորդների հայցը եւ պարտավորեցրել` «վերացնել մարդու իրավունքների եւ ազատությունների այն խախտումները, որոնք թույլ էին տրվել նախաքննության ընթացքում»:

«Հայաստանի իշխանությունները պետք է վերսկսեն քննությունը Գուլյանի մահվան գործով եւ չեզոք ու անկախ հետաքննություն իրականացնեն», - հայտարարել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասենը եւ ընդգծել, - «Այս գործով լիարժեք հետաքննության բացակայությունը խարխլում է Հայաստանի քաղաքացիների վստահությունը արդարադատության համակարգի նկատմամբ»։

«Քանի դեռ նման հետաքննություն չի արվել, եւ մեղավորները չեն հայտնաբերվել, Գուլյանի մահվան գործով պատասխանատու կարող են համարվել Հայաստանի իշխանությունները», - հայտարարում են իրավապաշտպան կազմակերպությունները՝ մատնանշելով այդօրինակ դեպքերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG