Մատչելիության հղումներ

«Կադիրով - Մարադոնա»` 5:2


Գրոզնի -- Ռամզան Կադիրովը (ձախից) եւ Դիեգո Մարադոնան մայիսի 11-ի ֆուտբոլային հանդիպման ժամանակ
Գրոզնի -- Ռամզան Կադիրովը (ձախից) եւ Դիեգո Մարադոնան մայիսի 11-ի ֆուտբոլային հանդիպման ժամանակ
Ռամզան Կադիրովն ընդդեմ Դիեգո Մարադոնայի` այսպես կարելի է բնութագրել չորեքշաբթի օրը Գրոզնիում կայացած ընկերական հանդիպումը, որին մասնակցում էին Կովկասի հավաքականն ու աշխարհի ֆուտբոլային աստղերի ընտրանին:

Կովկասի հավաքականը, որն առավելապես չեչեն պաշտոնյաներից էր կազմված, 5:2 հաշվով հաղթեց աշխարհի հավաքականին, որում, ի դեպ, ընդգրկված էին այնպիսի վետերան աստղեր, ինչպիսիք են Դիեգո Մարադոնան, Լուիշ Ֆիգուն, Իվան Սամորանոն եւ 1998 թվականին Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած հայազգի Ալեն Բողոսյանը:

Չեչնիայի 34-ամյա նախագահի այս հերթական աղմկալի ու թանկարժեք նախաձեռնությունը նվիրված էր Գրոզնիի նորակառույց մարզադաշտի գործարկմանը: 280 միլիոն դոլար արժողությամբ այս ստադիոնը կրում է Ռամզան Կադիրովի հոր` նախկին նախագահ Ահմադ Կադիրովի անունը:

Խորհրդանշական է, որ Կադիրովների ընտանիքում Գրոզնիի մարզադաշտը մի անգամ արդեն ճակատագրական դերակատարություն ունեցել է. Չեչնիայի ներկայիս նախագահի հայրը 2004 թվականի մայիսի 9-ին զոհվեց հենց Գրոզնիի «Դինամո» ստադիոնում իրականացված ռումբի պայթյունից:

Ռուսական մի շարք աղբյուրներ պնդում են, որ Գրոզնիի նորաբաց ստադիոնը Ռուսաստանում ամենաթանկարժեքներից մեկն է: Այն ոչ միայն ֆուտբոլային դաշտ ունի, այլեւ լողավազան ու թենիսի կորտեր: Մարզադաշտը 30 հազար ֆուտբոլասեր ընդունելու հնարավորություն ունի: Ռուսաստանում ամենամեծ ժողովրդականությունը վայելող ակումբի` Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի ստադիոնի տարողունակությունն ընդամենը 21 հազար մարդ է` գրեթե մեկ երրորդով պակաս, քան Գրոզնիում կառուցված մարզադաշտինը: Եվ սա այն պարագայում, որ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի բնակչությունը 5 միլիոն է, իսկ Գրոզնիինը` ընդամենը 200 հազար:

Չեչնիայի մայրաքաղաք ժամանած հյուրերը գովեստի խոսքեր էին շռայլում նորաբաց մարզադաշտի հասցեին: Պորտուգալացի գերաստղ Լուիշ Ֆիգուն, օրինակ, նշում էր. - «Մարզադաշտը շատ լավն է: Այն ինչ ես տեսնում եմ, վկայում է, որ քաղաքը աստիճանաբար կարգի է բերվում, կարգի են բերվում ենթակառույցները: Հուսով եմ, որ մի օր մարդիկ այստեղ շատ լավ կապրեն»:

Տեղացիներից շատերը, սակայն, պնդում են, որ Չեչնիայի իշխանությունները մարզադաշտի կառուցման ընթացքում ուսանողներին եւ բյուջետային հիմնարկների աշխատակիցներին ամիսներ շարունակ ներգրավում էին շինարարական աշխատանքներում` պարբերաբար շաբաթօրյակներ կազմակերպելով:

Չեչնիայում նաեւ նշում են, որ թանկարժեք եւ ժամանակակից այս մարզադաշտի կառուցմամբ Ռամզան Կադիրովը ակնկալում է Գրոզնիի ընդգրկումը ռուսաստանյան այն քաղաքների շարքում, որոնց իրավունք կտրվի հյուրընկալել 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG