Մատչելիության հղումներ

Մայիսի 12-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը պատմում է. - «Երբ հնարավորություն եմ ունենում շփվելու իմ ադրբեջանցի գործընկերների հետ, ապա միշտ հարցնում եմ` ինչո՞ւ ձեր լրատվամիջոցներում Հայաստանը ներկայացվում է որպես մի պետություն, որը եթե ոչ վաղը, ապա մյուս օրը իր վերջին շունչն է փչելու: Եվ գործընկերները պատասխանում են` այդ բոլոր տեղեկությունները մենք քաղում ենք ձեր մամուլից: Դա ճիշտ է, եւ խնդիրը միայն ընդդիմության քարոզչությունը չէ, պատճառը նաեւ մեր «տառապալից» բնավորությունն է, Թումանյանի նկարագրած անառիթ «բայղուշությունը»: Իհարկե, փաստ է, որ 20 տարվա ընթացքում մենք ստեղծել ենք կոռումպացված եւ հակադեմոկրատական ռեժիմ: Բայց, թեեւ դա ամենեւին մխիթարանք չէ, պետք է արձանագրել, որ նույնպիսի ռեժիմներ ունեն նաեւ մեր հարեւանները: Մեզ մոտ լրատվամիջոցները ազատությունը սահմանափակվում է ապօրինաբար (ասենք` ՀՌԱՀ-ի կամայականություններով), իսկ հարեւանների մոտ` օրենքով (օրինակ` ազգային ինքնությունը վիրավորելու): Դեռ պարզ չէ, թե ինչն է ավելի վատ:

«Երկիր» թերթի մեկնաբանը գրում է. - «Մեզ զարմացնում է ոչ թե ընդդիմադիր քաղաքական գործչից, այլ իշխանական բարձունքից թափվող այն ոչ պակաս հորդուն էներգիան, որը դրդում է մեր իշխանավորներին հասարակության առջեւ քաղաքական շոուներ բեմադրել: Որեւէ տրամաբանության չի ենթարկվում իշխանությունների այն գործելաոճը, որ, իբր, «քաղբանտարկյալների» ազատ արձակման գործը իրականանում է ոչ թե իշխանություն - ընդդիմություն վաղուց սկսված երկխոսության եւ դրա արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների, այլ իշխանությունների բարի կամքի եւ, որ առավել զավեշտալի է, այս կամ այն պաշտոնյայի խնդրագրի կամ նշանավոր մեկի «բաց նամակի» հիման վրա: Հիշենք, որ «քաղբանտարկյալներին» ազատ արձակելու խնդրանքով Հանրապետության նախագահին դիմել է Ազգային ժողովի նախագահը: Մինչդեռ արդյո՞ք մեզ պետք են այս կարգի ներկայացումները, եթե նախագահը դեռ ապրիլի 28-ի ՀԱԿ-ի հանրահավաքի նախօրեին արդարադատության նախարարին հանձնարարական էր տվել խնդրի վերաբերյալ առաջարկություններ տալու մասին: Արդեն այն ժամանակ որեւէ մեկի համար գաղտնիք չէր, թե ինչ առաջարկությունների մասին է խոսքը, միանգամայն հստակ էր նաեւ, որ նախագահը, առանց որեւէ կողմնակի հորդորի կամ խնդրագրի, ընդառաջ գնալով ներքաղաքական լարվածությունը մեղմելու եւ սեփական իշխանությունը պահպանելու պարզ ցանկությանը, արդեն իսկ որոշել է «քաղբանտարկյալների» ճակատագիրը. նրանք պիտի ազատ արձակվեն: Եվ այսքանից հետո ներկայացումներ սարքել, ինչ-որ շոուներ բեմադրել` շատ է պարզունակ, չափազանց է միամիտ` նույնիսկ այս իշխանությունների համար»:

«Կապիտալ»-ը ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանին հարցնում է. - «Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում նշել է՝ «.... ընդդիմադիր շարժման «գլխատմանն» ուղղված որեւէ միտումնավոր գործողություն նույնպես չի եղել: Դա ՀՀՇ-ի իշխանության օրոք էր, որ սպանում էին անցանկալի ընդդիմադիրներին»: Ձեր դիտարկումը»։ «Այս հայտարարությունն անելով՝ նա առնվազն մտնում է քրեական հոդվածի տակ, քանի որ նա այդ ժամանակ զբաղեցնում էր բարձր պաշտոններ», - ասում է Մանուկյանը` շարունակելով. - «Եթե նա գիտի նման հանցագործություններ եւ չի ասում, ապա հայտնվում է առնվազն պարտակելու հոդվածի տակ։ Այ, հենց սրա համար եմ ասում, որ ցանկալի է, որ նա շատ խոսի եւ շատ հարցազրույցներ տա, այս կերպ շատ բան կբացահայտվի։ Հայտարարության հետ կապված երկու բան կա. եթե նա գիտի, որ ՀՀՇ-ի ժամանակ տեղի են ունեցել հանցագործություններ, եւ չի ասում, ապա կա'մ եղել է դրանց կատարման մասնակիցը, կա'մ պարտակողը։ Երկրորդ՝ մինչեւ 2008թ. նա եղել է Հայաստանի նախագահը եւ եթե գիտեր, որ ՀՀՇ-ն նման գործեր է իրականացրել անցյալում, ապա չեմ հասկանում՝ ինչն էր նրան խանգարում, որ հենց այդ ժամանակ այդ գործերը բացահայտվեին, եւ կատարողները ենթարկվեին պատասխանատվության»։

«Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ասում է. - «Ընդհանրապես երկխոսության իմաստը մեզանում շատ հաճախ աղավաղվում է։ Քաղաքական դաշտը մեկն է, որտեղ բոլոր դերակատարները նույն իրավունքներն ունեն, իսկ քաղաքականությունը անընդհատ գործընթաց է. քննարկումներ, վերլուծություններ, խորհրդակցություններ։ Բայց հասարակությանը փորձ է արվում ներշնչել, թե սկսվել է առանձնահատուկ ինչ-որ գործընթաց, որտեղ իշխանություն-ընդդիմություն դեմ-դիմաց նստելու են եւ գալու վերջնական ինչ-ինչ պայմանավորվածությունների։ Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, եթե դեռ 2 տարի առաջ այդ մասին խոսակցությունները կարող էին որոշակի ազդեցություն ունենալ հասարակության մի հատվածի վրա, այսօր, կարծում եմ, իրավիճակը փոխվել է»։

«Ժամանակ»-ի զրուցակիցը` Պաշտպանության նախկին փոխնախարար, Ներքին գործերի նախկին փոխնախարար, Մարտի 1-ի իրադարձությունները ուսումնասիրող փաստահավաք խմբի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը ասում է. - «Ռոբերտ Քոչարյանին երբեւիցե որեւիցե մեկը չի հավատացել: Ես համոզված եմ, որ ինքն էլ իրեն երբեք չի հավատացել: Բայց Ռոբերտ Քոչարյանը միշտ ի վիճակի է փաստերը ներկայացնել իր համար ցանկալի լույսի ներքո, քանի որ դա իր բնավորության գիծն է: Այնպես որ, փաստերը աղավաղելով` Ռոբերտ Քոչարյանը որեւէ բանի չի կարող հասնել: Նա պետք է հստակ հարցերի պատասխան տա եւ այդ հարցերի պատասխանը պետք է տա համապատասխան մարմինների հետ շփումների արդյունքում: Ռոբերտ Քոչարյանը դատապարտված է թե՛ այսօր, թե՛ վաղը, թե՛ ապագայում այդ հարցերի պատասխանները տալ»:
please wait

No media source currently available

0:00 0:04:36 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG