Մատչելիության հղումներ

Վարչապետը ընդդիմության հետ երկխոսությունը գնահատում է շատ դրական


Վարչապետ Տիգրան Սարգսյան

Վարչապետ Տիգրան Սարգսյան

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացումը իրատեսական չի համարում:

«Մենք շատ ընդգծված հարգալից վերաբերմունք ենք դրսեւորում ընդդիմության ցանկացած առաջարկի, հայտարարության վերաբերյալ, որովհետեւ դա իրենց իրավունքն է, եւ դա իրենք իրականացնում են քաղաքական պայքարի կանոնների ներքո», - Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանից հետո հանդիպելով լրագրողների հետ` այսօր ասաց վարչապետը: - «Ես դա իրատեսական չեմ համարում, եւ իշխանությունները չեն պատրաստվում արտահերթ ընտրությունների, որովհետեւ դրա համար չկան հիմքեր», - հավելեց նա:

Տիգրան Սարգսյանը ընդդիմության հետ երկխոսությանը շատ դրական է վերաբերվում: Նա դրական է գնահատում նաեւ այն, որ ընդդիմությունն այսօր ունի ազատորեն իր կարծիքն արտահայտելու, եւ անգամ իր` վարչապետի հրաժարականը պահանջելու հնարավորություն: Տիգրան Սարգսյանը դա քաղաքակիրթ երկրներին բնորոշ պայքարի ձեւ է համարում:

«Երեք տարի անընդմեջ մենք հայտարարել ենք, որ այդ երկխոսությունը խիստ անհրաժեշտ է: Մենք հրավիրել ենք ընդդիմությանը համագործակցության», - հիշեցրեց վարչապետը:

Գազի գինը չի բարձրանա


Տիգրան Սարգսյանը նաեւ անդրադարձավ տնտեսությանը: Պատասխանելով լրագրողների հարցերին` վարչապետը, մասնավորապես, վստահեցրեց, որ գազի սակագինն այս տարի չի բարձրանա` չնայած կառավարության եւ ռուսական «Գազպրոմ» ընկերության միջեւ Հայաստան ներմուծվող գազի գնի շուրջ շարունակվող բանակցություններին:

«Գազի գինը այս տարի չի բարձրանա: Ավելին` անապահով խավի համար մենք 32 դրամով նվազեցրել ենք գազի գինը, եւ այս քաղաքականությունը փոփոխման ենթակա չէ», - ընդգծեց նա:

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին եւ այս տարվա համար նախատեսվող գնաճի ցուցանիշի վրա դրա հնարավոր ազդեցությանը` վարչապետը, մասնավորապես, ասաց. - «Եթե բնակլիմայական պայմանները լինեն ավելի բարվոք, քան նախորդ տարի (մենք տեսնում ենք, որ դեռեւս վիճակը ավելի լավ է, քան նախորդ տարի), դա նշանակում է, որ գյուղատնտեսությունում ավելի բարենպաստ միջավայր կլինի եւ ավելի լավ արդյունքներ կունենանք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG