Մատչելիության հղումներ

Վերնիսաժի առեւտրականները դժգոհ են քաղաքապետարանի բարեկարգումներից


Վերնիսաժի առեւտրականները բողոքում են քաղաքապետարանի դիմաց, 11 մայիս
Վերնիսաժի առեւտրականները բողոքում են քաղաքապետարանի դիմաց, 11 մայիս
Վերինսաժում արվեստի գործեր, հուշանվերներ, կիրառական արվեստի գործեր վաճառող առեւտրականները պնդում են, որ քաղաքապետ Կարեն Կարապետյանի ձեռնարկած բարեկարգումների հետեւանքով Վերնիսաժը վերածվում է սովորական տոնավաճառի, իսկ իրենց ստեղծագործությունները չեն վաճառվում:

Ամեն շաբաթ-կիրակի Վերնիսաժում առեւտրով զբաղվող մարդիկ արդեն երկու շաբաթ է, ինչ առեւտուր են անում նախկինում այգու հարակից փողոցում հագուստ վաճառող մարդկանց հետ:

«Վերնիսաժում դարձրել են ոչ Վերնիսաժ, այսինքն այնտեղ վաճառում են ապակեղեն, տնային իրեր, հագած շորեր: Չեն թողնում մեր ոսկե ձեռքերի աշխատանքները ցուցադրենք եւ վաճառենք», - ասաց այսօր քաղաքապետարանի դիմաց հավաքված առեւտրականներից մեկը` պնդելով, որ վաճառվող մյուս ապրանքները ծածկում են արվեստի գործերը, հուշանվերները:

Գիրք վաճառողներին այգու մայթեզրից տեղափոխել են Վերնիսաժի միջնամաս: Գրավաճառները պատմում էին , որ վերջին երկու շաբաթվա ընթացքում նույնիսկ մեկ գիրք չեն վաճառել:

«Մոտավորապես 15 տարի է, ինչ գրքերը նույն տեղում է` նույն մայթի վրա: Հիմա այդ շարքը հանել են եւ տարել են խորքը` հուշանվերների մեջ: Հուշանվերներով, խաչքարերով շրջապատված` գիրքը ընդհանրապես չի երեւում, գրքի հաճախորդն էլ գիտի, որ դրանք հիմնականում այդ մայթի վրա են լինում», - բացատրեց գրավաճառներից մեկը:

Հավաքված մարդկանցից մի քանիսին ընդունեցին քաղաքապետարանում, թեեւ հանդիպումից հետո Վերինսաժի առեւտրականները հայտարարեցին, որ իրենց պահանջներին որեւէ կոնկրետ լուծում չի առաջարկվել:

Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խոստացավ, որ բարձրացված բոլոր հարցերին լուծում է տրվելու:

«Մեր հանդիպման արդյունքները ներկայացվեցին քաղաքապետին, հիմա դրանք քննարկման փուլում են: Մի բան հստակ կարող եմ ասել, որ Վերնիսաժը լինելու է Վերնիսաժ, սակայն չեմ կարծում, որ առաջիկա շաբաթ-կիրակի բոլոր դժգոհությունները կվերանան, որովհետեւ ոչ մեկի ձեռքին կախարդական փայտիկ չկա, որ միանգամից այս կարճ ժամանակում լուծի [խնդիրը]», - ասաց Գյանջումյանը:

Մի քանի օր առաջ էլ քաղաքապետարանի դիմաց իրենց դժգոհությունն էին հնչեցնում Վերնիսաժում կենցաղային եւ շինարարական գործիքներ վաճառող առեւտրականները, ովքեր պահանջում էին իրենց չտեղափոխել «Վազգեն Սարգսյան» մարզադաշտի հարակից տարածք:

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը պաշտոնավարման 100 օրվա առթիվ հրավիրած ասուլիսին հայտարարել էր, որ իր նպատակը ընդամենը այգու կանաչ գոտիներում իրականացվող առեւտուրը վերացելն ու տարածքը բարեկարգելն է:
please wait

No media source currently available

0:00 0:04:14 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG