Մատչելիության հղումներ

Հրանտ Մարգարյանը չի բացառում Քոչարյանի ակտիվացումը նախագահական ընտրություններին


ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյան
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյան
Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չի բացառում, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական ակտիվություն ցուցաբերի 2013 թվականի նախագահական ընտրություններին: Սակայն նա կարծում է, որ այն դրդապատճառը, որը կակտիվացնի Քոչարյանին, պետք է շատ լուրջ լինի:

«Չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը ուզում է վերադառնալ եւ իրեն թույլ չեն տալիս: Այդ տեսակը չէ, որ թույլտվության սպասի: Գուցե նպատակահարմարության խնդիր ինքն իր վրա դնում է, որ նպատակահարմա՞ր է այսօր իր վերադարձը, ո՞ւմ օգտակար կլինի, ո՞ւմ կվնասի եւ հաջողության հասնելու ինչքա՞ն հնարավորություն ունի: Գուցե այս հաշվարկումները իր մոտ կան, բայց որ մեկից վախենա, կամ որ մեկից թույլտվություն սպասի, կարծում եմ` չկա», - ասաց Մարգարյանը` ենթադրելով, որ Քոչարյանը միգուցե քաղաքականություն վերադառնա միայն 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո:

Հարցին, թե արդյո՞ք Քոչարյանը հնարավորություն կունենա կրկին նախագահի պաշտոնին հավակնելու, Մարգարյանը պատասխանեց. - «Ինձ թվում է, որ Հայաստանում շանսերը չեն, որ դերակատար են, առայժմ դա այդպես չէ»:

Մարգարյանն ասում է, թե, ճանաչելով նախագահ Սերժ Սարգսյանին, բացառում է, որ իշխանություն-ընդդիմություն երկխոսության արդյունքում իշխանությունները զոհ դարձնեն Ռոբերտ Քոչարյանին, սակայն միգուցե թուլացնեն նրա դիրքերը:

Նրա համոզմամբ` ամենավատը այն է, երբ 2008-ի մարտի 1-ի իրադարձությունները ոչ թե քննության նյութ են դառնում, այլ օգտագործվում` իբրեւ պատրվակ, միջոց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վրեժ լուծելու կամ նրան վարկաբեկելու համար. - «Չի կարելի ասել, որ մարտի 1-ի մեջ միայն իշխանությունն է մեղավոր, իսկ այս երկրում միայն դրա մասին է խոսվում: Ոչ ոք չի խոսում, թե ընդդիմությունը իր պահվածքով ինչ մեղավորություն ունի, որ ընդդիմության այդ օրվա ղեկավարությունը դա կանխելու կամ հրահրելու հարցում ինչ արեց: Սա մի փոքր անարդար մոտեցում է, որը ցույց է տալիս, որ մարտի 1-ի դեպքերը ըստ էության չէ, որ կարեւոր են, այլ մարտի 1-ը քաղաքականացվում է եւ քաղաքական հաշվեհարդար տեսնելու առումով է օգտագործվում»։

Անդրադառնալով բուն երկխոսությանը` Հրանտ Մարգարյանն ասաց, թե չգիտի` ուղղակի երկխոսություն կա, թե` ոչ. գուցե կողմերը շախմատ են խաղում, բայց կարծում է, որ ընդդիմության եւ իշխանության միջեւ կա միջնորդ, որը ունի շահագրգռվածություն: Նա ասում է` թեեւ փաստեր չունի, բայց հավանական է համարում, որ այդ միջնորդը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունն է, որը «կարող է բոլորին միացնել»:

Հիշեցնենք, որ օրերս Միացյալ Նահանգների դեսպանատունը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, հերքել է մամուլում հայտնված այն տեղեկատվությունը, թե ՀԱԿ-ի եւ իշխանության միջեւ երկխոսությունը ընթանում է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչի միջնորդությամբ:

«Հավատում եմ, որ Ղարաբաղի եւ Քոչարյանի հարցը չի կարող լինի, մտավախություն ունեմ, որ հայ-թուրքական հարաբերություններն են խնդրո առարկան: Եթե արտաքին քաղաքականության առումով Ամերիկան ինչ-որ բավարարվածության զգացում է ապրում Հայաստանի իշխանությունների քաղաքականությունից եւ կարծում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը իշխանության կողքին ավելի շատ կմղի այդ իշխանությանը դեպի իրենց համար ընդունելի ուղղության, բնականաբար, [ԱՄՆ-ը] շահագրգռվածություն կունենա: Հայաստանի կողմից ստորագրված պայմանագիրը ավելի շատ Լեւոնի [Տեր-Պետրոսյանի] կողմից է ընդունելի, քան ստորագրող կողմի», - ասաց Մարգարյանը:

Հրանտ Մարգարյանը չի հավատում, որ իշխանություն-ընդդիմություն երկխոսության թեման կարող է լինել արտահերթ ընտրությունների անցկացումը, քանի որ երկու կողմն էլ ուզում է «իշխանության բացարձակ տերը դառնալ եւ ոչ թե կիսել այն»: Նրա համոզմամբ` երկխոսությունը ժամանակավոր բնույթ ունի:

«Չեմ չարախոսում, բայց հավատում եմ, որ նրանք իսկապես շախմատ են խաղում, այս երկրի եւ ժողովրդի հետ գործ չունեն: Շախմատի հետեւանքը լինում է կամ պարտությունը, կամ հաղթանակը», - ասաց Մարգարյանը` հավելելով, թե հավանական չի համարում ոչ-ոքին:

please wait

No media source currently available

0:00 0:05:23 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG