Մատչելիության հղումներ

Ադրբեջանում քննարկվում է զրպարտության ապաքրեականացման հարցը


Ադրբեջանական թերթեր
Ադրբեջանական թերթեր

Չորեքշաբթի օրը Ադրբեջանում մամուլի խնդիրներին վերաբերող համաժողով է անցկացվելու, որի հիմնական թեման զրպարտության համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածները օրենքի փոփոխությունների միջոցով ապաքրեականացնելն է:

Այս համաժողովին մասնակցելու նպատակով նախօրեին Բաքու է ժամանել մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը:

Երեքշաբթի օրը նա հանդիպել է քաղաքացիական հասարակության, լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ մեկուսարանում այցելել է բանտարկված լրագրող Էյնուլա Ֆաթուլաեւին:

Ֆաթուլաեւը 2007 թվականին 8.5 տարվա ազատազրկման է դատապարտվել մի շարք մեղադրանքներով` ահաբեկչության, հարկերից խուսափելու, զրպարտության հոդվածներով: Լրագրողը հայտարարում է, որ դրանք շինծու գործեր են, եւ որ իրեն կալանավորել են իշխանություններին քննադատող հոդվածների համար:

Հարավային Կովկասի երկրների թվում Ադրբեջանը միակն է, որտեղ զրպարտության եւ վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն է սահմանված:

Իրավապաշտպան ակտիվիստները իշխանություններին բազմիցս կոչ են արել ապաքրեականացնել այդ հոդվածները:

Ադրբեջանի մամուլի խորհրդի նախագահ Աֆլաթուն Ամաշովը վերջերս ասել է, որ օրենքի նախագիծը ներկայացված է խորհրդարան, եւ այն հավանաբար շուտով կընդունվի:

Զրպարտությունը եւ վիրավորանքը ապաքրեականացնելու մասին օրենքը Հայաստանում ընդունվել է մեկ տարի առաջ` 2010 թվականի մայիսին: Դա դրական քայլ է համարվել, միջազգային լրագրողական կազմակերպությունները ողջունել են այդ փաստը: Այդուհանդերձ, օրենքի փոփոխությունից հետո լրատվամիջոցների դեմ մեծ տուգանքներ պահանջող հայցեր են ներկայացվում, մի շարք դատավարություններ դեռ ընթացքի մեջ են: Իրավապաշտպան կազմակերպությունները հիմա էլ մտահոգություն են հայտնում լրատվամիջոցներից անհամարժեք փոխհատուցում պահանջելու կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG