Մատչելիության հղումներ

Կաննի փառատոնը մեկնարկում է Կարլա Բրունիի դերակատարությամբ ֆիլմով


Նիկոլա Սարկոզի եւ Կարլա Բրունի

Նիկոլա Սարկոզի եւ Կարլա Բրունի

«Կեսգիշերը Փարիզում»` այսպես է կոչվում ամերիկացի ռեժիսոր Վուդի Ալենի նոր ֆիլմը, որով էլ չորեքշաբթի օրի կբացվի Կաննի 64-րդ միջազգային կինոփառատոնը: Փարիզ այցելած ամերիկացի զբոսաշրջիկների մասին պատմող այս ֆիլմում գլխավոր դերերից մեկը խաղում է Ֆրանսիայի առաջին տիկին Կարլա Բրունին:

Ակնկալվում էր, որ Բրունին այսօր կժամանի Կանն` այլ աստղերի հետ միասին անցնելով կարմիր գորգով: Վերջին պահին, սակայն, Նիկոլա Սարկոզիի կինը չեղյալ հայտարարեց իր այցելությունը`«անձնական պատճառներ» մատնանշելով: Ֆրանսիական որոշ պարբերականներ պնդում են, որ անձնական պատճառը 44-ամյա առաջին տիկնոջ հղիությունն է:

Վուդի Ալենի «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմը Կաննում ցուցադրվելու է միայն արտամրցութային ծրագրում:

Ինչ վերաբերում է մրցութային ծրագրին, ապա այստեղ ընդգրկված ֆիլմերը գնահատելու է հեղինակավոր ժյուրին, որն այս տարի ղեկավարելու է Ռոբերտ Դե Նիրոն: Ժյուրիի կազմում են նաեւ դերասանուհի Ումա Տուրմանը, բրիտանացի դերասան Ջուդ Լոուն, նորվեգացի հայտնի արձակագիր Լին Ուլմանը, որը, ի դեպ, մեկ անգամ`1997 թվականին, արդեն իսկ բարձրացել էր Կաննի բեմ` ստանալու իր հռչակավոր հոր` Ինգմար Բերգմանի համար նախատեսված հատուկ մրցանակը:

Կաննի հիմնական մրցութային ծրագում է ընդգրկված նաեւ իսպանացի Պեդրո Ալմադովարի վերջին` «Մաշկը, որում ես ապրում եմ» ֆիլմը: Կինոնկարի գլխավոր հերոսը կոսմետիկ վիրահատություններով զբաղվող բժիշկ է:

Մրցութային ծրագրում են նաեւ թուրք հայտնի ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանի «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմը, ինչպես նաեւ Լարս Ֆոն Տրիերի «Մելանխոլիա»-ն: Դանիացի ռեժիսորի ֆիլմի բոլոր իրադարձությունները ծավալվում են մի հարսանիքի ընթացքում:

Ֆրանսահայ հայտնի ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Կիլիմանջարոյի ձյունը» ֆիլմը ընդգրկված է կինոփառատոնի մեկ այլ` «Հատուկ հայացք» կոչվող ծրագրում: Ֆիլմի գլխավոր հերոսը արհմիութենական ակտիվիստ է, որին թոշակի անցնելուց ընդամենը մի քանի տարի առաջ հեռացնում են աշխատանքից:

Կաննի փառատոնի այս տարվա ծրագիրը զուրկ չի լինի նաեւ քաղաքական որոշակի ենթատեքստից: Հատուկ հրավիրյալի կարգավիճակ ունի Եգիպտոսը: Փառատոնի ընթացքում կցուցադրվի այս երկրում տեղի ունեցած հեղափոխության մասին պատմող «18 օր» ֆիլմը: Մայիսի 14-ին էլ Կաննում կցուցադրվեն քաղաքական հետապնդումների ենթարկվող երկու իրանցի ռեժիսորների` Ջաֆար Փանահիի եւ Մոհամադ Ռասոլուֆի ֆիլմերը: «Թե' Փանահիի` «Սա կինոնկար չէ» անունը կրող ֆիլմը, եւ թե' Ռասոլուֆի «Հրաժեշտ»-ը նկարահանվել են կիսաընդհատակյա պայմաններում», - նշում են փառատոնի կազմակերպիչները` տեղեկացնելով, որ այս ֆիլմերը իրենց են հասել մայիսի սկզբին` զարտուղի ճանապարհներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG