Մատչելիության հղումներ

Նոյան Սոյակ. «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրաշրջանառությունը կարող է հասնել 500 միլիոն դոլարի»


Հայ-թուրքական փակ սահմանը

Հայ-թուրքական փակ սահմանը

Հայ-թուրքական բիզնես զարգացման խորհրդի տվյալներով, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տարեկան 200-250 միլիոն ամերիկյան դոլարի ապրանքաշրջանառություն է կատարվում:

«Խնդիրը նրանում է, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առեւտրի 99 տոկոսը Թուրքիայի արտահանումն է կազմում: Մենք այժմ փորձում ենք բալանսը մոտեցնել: Եթե հասնենք գոնե 80-20 տոկոս հարաբերության, դա հաջողություն կլինի», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այսօր ասաց Հայ-թուրքական բիզնես զարգացման խորհրդի համանախագահ Նոյան Սոյակը:

Նրա խոսքով, բեռնափոխադրումների 25-30 միլիոն դոլարի չափով բեռնափոխադրումները կատարվում են օդային ճանապարհով, մյուս մասը` Վրաստանով: Թուրքիայից Հայաստան արտահանման ծավալները հայտնի են դառնում Թուրքիայից դեպի Վրաստան արտահանման եւ Վրաստանի ներկրման ծավալների համադրության արդյունքում:

Միայն մանր առեւտրի հաշվին Թուրքիայից օրական 8-10 բեռնատար մեքենա ապրանք է տեղափոխվում Հայաստան: Հայաստանից Թուրքիան փոքր քանակի կաուչուկ, էլեկտրալարեր, շինանյութ ու հանքային ջուր է ներկրում:

Հայ-թուրքական բիզնես զարգացման խորհուրդը, որ գործում է 1997 թվականից, նպատակ ունի ծանոթացնել երկու երկրների գործարարներին եւ նպաստել նրանց բիզնեսի զարգացմանը:

«Առեւտուրը, լավ բիզնեսը անշուշտ խթանում է նաեւ դիվանագիտական հարաբերությունների զարգացումը: Որքան շատ լինեն կապերը երկու երկրների միջեւ, այնքան կառավարություններն ավելի հեշտ կգնան երկխոսության», - ասում է Սոյակը:

Հիմնականում Ստամբուլից մոտ 200 միլիոն դոլարի բեռնափոխադրումը դեպի Հայաստան մեծ նշանակություն չունի տարեկան 100 միլիարդ դոլարի արտահանում ունեցող Թուրքիայի համար, սակայն Հայ-թուրքական բիզնես զարգացման խորհրդի համանախագահը կարծում է, որ դրա նշանակությունը կարող է մեծանալ, եթե դրա արդյունքը տարածվի Թուրքիայի արեւելյան շրջանների վրա:

«Մասնավորապես եթե Վան, Մալաթիա, Մարաշ, Կարս, Այնթափ եւ մյուս շրջաններն առեւտուր սկսեն Հայաստանի հետ, համոզված եմ, որ կբարգավաճեն այդ շրջանները»,- ասում է Նոյան Սոյակը` կարեւորելով, մասնավորապես, հայ զբոսաշրջիկների այցերը Թուրքիա:

Նոյան Սոյակը համոզված է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը բացելու դեպքում երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը կկրկնապատկվի` հասնելով մինչեւ 500 միլիոն ամերիկյան դոլար:
XS
SM
MD
LG