Մատչելիության հղումներ

Աֆղանստանում հայկական զորախմբի թվաքանակը կհասցվի 130-ի


Հայ խաղաղապահները ծառայություն են իրականացնում Աֆղանստանում
Հայ խաղաղապահները ծառայություն են իրականացնում Աֆղանստանում
Ազգային ժողովի լիագումար նիստում այսօր քննարկվեց Աֆղանստանում հայկական զորախմբի տեղակայման ժամկետի երկարաձգման եւ թվակազմի ավելացման մասին համաձայնագիրը:

Խորհրդարանի վավերացմանը ներկայացված համաձայնագրով նախատեսվում է Աֆղանստանում հայկական զորախմբի թվաքանակը 45-ի փոխարեն դարձնել 130, իսկ տեղակայման ժամկետը երկարաձգել մինչեւ 2012 թվականի վերջ: Գերմանիայի պաշտպանության նախարարությունը ստանձնել է հայկական զորախմբի հետ կապված բոլոր ծախսերը, բացառությամբ զինծառայողների ամսական լրացուցիչ վարձատրությունների:

Ազգային ժողովում ներկայացնելով համաձայնագիրը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց` գերմանական կողմը, գնահատելով հայկական զորախմբի պատրաստվածության աստիճանը, նշել է, որ անհրաժեշտ է ներգրավել եւս 2 հետեւակային դասակ:

Հայաստանի պաշտպանության նախարարի խոսքով, համաձայնագրի փոփոխությունների հետեւանքով Հայաստանը կդադարի լինել տարածաշրջանում ամենափոքր զորախումբն ունեցող երկիրը:

«Հարեւան Վրաստանը տրամադրում է 924, իսկ Ադրբեջանը 94 զինծառայող, եւ Հայաստանն այս հարցում չպետք է զբաղեցնի վերջին տեղը Հարավային Կովկասում», - նշեց պաշտպանության նախարարը: - «Այս առումով Հայաստանի Հանրապետության զորախմբի թվաքանակի ավելացումը, այն հասցնելով առնվազն 130-ի, իսկ հերթափոխերի ժամանակ այն հասցնելով 260-ի, կլուծի հարցը, եւ միջազգային անվտանգության ապահովման գործում մեր պետության ներդրումը զգալիորեն կգերազանցի ադրբեջանականին»:

Աֆղանստանում Միջազգային անվտանգության ապահովման ուժերի կազմում Հայաստանի զորախմբի մասնակցության իրավական հիմքերն ամրագրվել են 2009 թվականին` Հայաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի միջեւ կնքած համաձայնագրով:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի ելույթում անդրադարձ կար համաձայնագրի ժամկետի երկարաձգման դրդապատճառներին:

«Համաձայնագիրը կարեւոր է այնքանով, որ մենք բազմակողմ ենք դարձնում մեր` անվտանգության տարբեր համակարգերում ընդգրկվածությունը, եւ սա նպաստելու է մեր հեղինակության աճին», - նշեց Ռուստամյանը:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի գնահատմամբ` Աֆղանստանում հայկական զորախմբում ընդգրկվածների թիվը եռապատկելով` Հայաստանում ցույց է տալիս, որ ավելի խորն է համագործակցում ՆԱՏՕ-ի հետ:
please wait

No media source currently available

0:00 0:03:12 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG