Մատչելիության հղումներ

Թուրք ազգայնականները` սեքսուալ սկանդալի կիզակետում


Թուրքիա - Դեւլեթ Բահչելին (աջից երրորդը) իր կուսակիցների հետ քայլում է դեպի Անիի Մայր տաճարը, որտեղ Ազգայնական շարժումը անցած տարվա աշնանը նամազ էր կազմակերպել, 1-ը հոկտեմբերի, 2010թ.
Թուրքիա - Դեւլեթ Բահչելին (աջից երրորդը) իր կուսակիցների հետ քայլում է դեպի Անիի Մայր տաճարը, որտեղ Ազգայնական շարժումը անցած տարվա աշնանը նամազ էր կազմակերպել, 1-ը հոկտեմբերի, 2010թ.
Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ երկրի մեծությամբ երրորդ կուսակցությունը` Ազգայնական շարժումը հայտնվել է աղմկալի սեքսուալ սկանդալի կիզակետում:

Վերջին մի քանի օրերին թուրքական մի շարք կայքերում հայտնվեցին կուսակցության միանգամից չորս ղեկավար անդամներին, այդ թվում Ազգայնական շարժման փոխնախագահ Բյուլենթ Դիդինմեզին պատկերող տեսագրություններ: Թաքնված տեսախցիկների օգնությամբ կատարված այս տեսագրություններում քաղաքական գործիչները, CNN Turk-ի բնորոշմամբ, «սեռական բնույթի գործողություններ են իրականացնում երիտասարդ կանանց հետ»:

Այս սկանդալի արդյունքում առավել դժվարին կացության մեջ է հայտնվել Ազգայնական շարժման առաջնորդ Դեւլեթ Բահչելին: Նա, մի կողմից, փորձում է ստիպել սկանդալում ներքաշված իր կուսակիցների հրաժարական տալ եւ հրաժարվել ընտրություններին մասնակցելու գաղափարից, մյուս կողմից` քննադատության է ենթարկում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավարներին` համոզված կերպով պնդելով, թե հենց նրանք են կանգնած այս սկանդալի ետեւում:

«Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորության Ստամբուլի թեկնածու Իբրահիմ Ֆարուք Բայանդըր` ահա այն մարդու անունը, որն այս տեսագրությունները լույս աշխարհ բերեց: Հենց այդ մարդուն պատկանող կայքերն են, որ ընտրությունների շեմին տեղադրել են այս տեսաերիզները: Ես պահանջում եմ վարչապետ Էրդողանից, որ նա պաշտոնապես բացահայտի այս դավադրության հեղինակներին», - հայտարարել է Բահչելին:

Թուրք վերլուծաբաններից շատերը, սակայն, այս սկանդալը որակում են մահացու հարված թուրք ազգայնականների համար:

Հայտնի թուրք սյունակագիրներից մեկը` Յուսուֆ Քանլըն Hurriyet-ում գրում է. - «Օգտագործելով այս սեքսուալ սականդալը` վարչապետ Էրդողանն անում է ամեն ինչ, որպեսզի թույլ չտա ազգայնականերին հատել խորհրդարանում ներկայացված լինելու համար անհրաժեշտ 10 տոկոսի շեմը: Դա Էրդողանին թույլ կտա նոր գումարման մեջլիսում առանց որեւէ լուրջ խոչընդոտի փոփոխության ենթարկել Սահմանադրությունն ու նախագահի համաժողովրդական ընտրության ինստիտուտը ներմուծելով` դառնալ այդ նոր Թուրքիայի առաջին նախագահը»:

Վերջին հարցումները վկայում են, որ Էրդողանի կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 38, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության օգտին` 20 տոկոսը:

Սկանդալի մեջ ներքաշված Ազգայնական շարժման աջակիցների թիվը տատանվում է ռիսկային 10 տոկոսի շրջանում, վկայում են Անկարայում գործող Metro Poll հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG