Մատչելիության հղումներ

Դավիթ Հարությունյանի համար Համարբերգի զեկույցը անակնկալ չէր


ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյան

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի համար Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի Հայաստանի վերաբերյալ զեկույցը անակնկալ չէր:

«Կարծում եմ, որ որեւէ մեկը չպետք է ակնկալեր, որ պարոն Համարբերգը կասի` այլեւս որեւէ ջանք պետք չէ հաշտեցման համար: Ընդհանրապես նման հարցադրումը որեւէ մեկը չէր կարող ակնկալել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հարությունյանը:

Հարցին, թե մինչեւ Եվրախորհրդի հաջորդ` աշնանային նստաշրջանը ի՞նչ կոնկրետ քայլեր կլինեն իշխանության կողմից, Համարբերգի ձեւակերպմամբ «հասարակության վստահությունը» վերականգնելու ուղղությամբ, Հարությունյանը պատասխանեց. - «Մենք մշտապես գտնվում ենք զարգացման փուլում եւ մինչեւ աշնանային նստաշրջանը ունենք մի շարք քայլեր, որ շատ կարեւոր են երկրի հետագա զարգացման համար: Դրանցից մեկը Ընտրական օրենսգիրքն է, որի վրա շատ ակտիվ աշխատում ենք, եւ կարծում եմ դա եւս լինելու է լրացուցիչ քննարկման առարկա»:

Թոմաս Համարբերգը նաեւ ողջունում է Մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ կալանավորված ընդդիմադիրների մի մասի ազատ արձակումը` միաժամանակ լուրջ մտահոգություններ հայտնելով այն ընդդիմադիր ակտիվիստների առնչությամբ, ովքեր շարունակում են մնալ կալանավորված, եւ Հայաստանի իշխանություններին կոչ է անում նրանց եւս ազատ արձակել:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը համոզված է, որ մինչեւ իրենց հրավիրած հաջորդ հանրահավաքի օրը` մայիսի 31-ը ազատ արձակված կլինեն Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե ինչքանո՞վ կիրականանա ընդդիմության սպասելիքները, Հարությունյանը պատասխանեց, թե որեւէ մեկնաբանություն այդ հարցի վերաբերյալ տալ չի կարող:

«Որովհետեւ միակ իրավական մեխանիզմը համաներումը կամ ներումն է: Երկուսի դեպքում էլ մենք ունենք հիմնական գործող անձ` հանրապետության նախագահը, եւ ամեն ինչ կախված է նրա կամարտահայտությունից, այնպես որ այս հարցին որեւէ լրացուցիչ մեկնաբանություն տալ չեմ կարող», - ասաց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը:

Հետընտրական իրադարձություններից բացի, Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցն անդրադառնում է նաեւ խոսքի եւ հավաքների ազատությանը, ինչպես նաեւ բանակում մարդու իրավունքների իրավիճակին:

Համարբերգը ափսոսանքով նշել է, որ հեռարձակման արտոնագրերի վերջին մրցույթը չի նպաստել ազատ արտահայտվելու սկզբունքին: Խոսելով «Արմնյուզ» եւ «Մելտեքս» ընկերությունների միջեւ մրցակցության մասին` Թոմաս Համարբերգը գտել է, որ այդ մրցույթում հայտերը գնահատելու համար ընտրված մեթոդաբանությունը խնդրահարույց է եւ ազդել է մրցույթի արդյունքների արժանահավատության վրա:

Հանձնակատարը ընդգծել է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել` խուսափելու համար զրպարտության եւ վիրավորանքի առնչությամբ լրատվամիջոցների դեմ հարուցված գործերով պահանջվող չարդարացված բարձր տուգանքներից:

Դավիթ Հարությունյանի արձագանքը. - «Ամենակարեւորը այն է, որ չկա քրեական պատասխանատվություն վիրավորանքի եւ զրպարտության համար: Ես դա համարում եմ ամենակարեւոր մեր հաջողությունը: Երկրորդ, ես ուզում եմ նշել, որ դատական գործերի ավելացումը ամենեւին վատ երեւույթ չէ այս առումով: Դա նշանակում է, որ մարդիկ չեն ընտրում այլ եղանակ` լուծելու իրենց մտահոգությունը, այլ գնում են դատարան»:

Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, արձագանքելով Թոմաս Համարբերգի զեկույցի, «կոշտ» բնորոշեց այն. - «Այս զեկույցում, ըստ էության, արտացոլված են այն բոլոր պնդումները եւ գնահատականները, որոնք տարիներ շարունակ Հայ ազգային կոնգրեսը տվել է: Բավականին կոշտ զեկույց է: Հատկապես այն հարցերում, որոնք վերաբերում են Մարտի 1-ին, քաղաքական ազատություններին, հետապնդումներին: Մարտի 1-ով, մասնավորապես, բարձրացվել է հետաքննված չլինելու խնդիրը, որը շատ կարեւոր է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մուսինյանը` եզրափակելով. - «Առաջին արձագանքը այն է, որ այս զեկույցը ընդհանուր առմամբ արտացոլում է իրերի դրության այն պատկերը, որը այսօր առկա է Հայաստանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG