Մատչելիության հղումներ

logo-print

Քոչարյանը համոզված է, որ Տեր-Պետրոսյանը կարող էր կանխել «մարտի 1»-ի սպանությունները


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններին եւ 10 սպանություններին:

Մասնավորապես, պատասխանելով իր հասցեին հնչող մեղադրանքներին, Ռոբերտ Քոչարյանը նշել է, թե նախագահն անձամբ չի ղեկավարում փողոցներում կարգուկանոնի վերականգնման գործընթացը, չի կանոնակարգում հատուկ միջոցների օգտագործումը: Դա անում են համապատասխան գործադիր մարմինները` գործող օրենքների շրջանակներում: Ամբողջ աշխարհում է այդպես: Միեւնույն ժամանակ, նախկին նախագահը հայտարարել է, որ մարտական զենքերով մարդկանց վրա կրակելու հրաման ոչ ոք չի տվել, համենայն դեպս, իրեն դրա վերաբերյալ որեւէ փաստ հայտնի չէ:

«Ակներեւ է, որ բացառությամբ ներքին զորքերի կապիտանի, մահվան բոլոր դեպքերն արձանագրվել են հանրահավաքից զգալի տարածության վրա, ճիշտ այնտեղ, որտեղ մեքենաներ էին վառում եւ խանութներ էին թալանում: Այնտեղ իրավիճակը գործնականում ոչ ոք չէր վերահսկում. ոչ ոստիկանությունը, ոչ էլ ընդդիմության առաջնորդները: Բոլոր 8 քաղաքացիական անձիք հասարակ մարդիկ էին, որոնք որեւէ կերպ չէին դրսեւորել իրենց քաղաքականության մեջ: Նրանցից չորսը զոհվել են հրազենային վնասվածքներից», - ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը` հարցնելով. - «Ո՞ւմ կարող էր պետք լինել միտումնավոր կրակ բացել նրանց վրա: Դա կամ հանգամանքների ողբերգական համադրություն էր, կամ էլ ոմանց գիտակցված գործողություն` իշխանություններին վարկաբեկելու նպատակով»:

Նախկին նախագահը մատնանշել է այն հանգամանքը, որ ընդդիմության քիչ թե շատ ակնառու ներկայացուցիչներից ոչ մեկը որեւէ կերպ ֆիզիկապես չի տուժել:

«Դա խոսում է այն մասին, որ ընդդիմադիր շարժման «գլխատման» ուղղված որեւէ միտումնավոր գործողություն նույնպես չի եղել: Դա ՀՀՇ-ի իշխանության օրոք էր, որ սպանում էին անցանկալի ընդդիմադիրներին: Ի դեպ, եթե ընդդիմության առաջնորդը տանը նստելու փոխարեն փորձեր սանձել հենց իր կողմից գրգռած ամբոխին, ապա, վստահ եմ, հնարավոր կլիներ խուսափել զոհերից», - հավելել է Ռոբերտ Քոչարյանը:

Ընդդիմությունը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների համար պատասխանատու է համարում գործող իշխանություններին` Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, պնդելով, մասնավորապես, որ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները ուղեկցվել են համատարած խախտումներով, իսկ դրանց դեմ Ազատության հրապարակում անցկացվող բողոքի խաղաղ ցույցը ցրելու ժամանակ մարտի 1-ի առավոտյան անհամարժեք ուժ է կիրառվել, եւ որ բանակային ստորաբաժանումները այդ իրադարձություններում ներգրավվել են մինչ արտակարգ դրություն հայտարարելը: Ավելին, ընդդիմության պնդմամբ, Զինված ուժերի ներգրավումը ներքաղաքական գործընթացներում ընդհանրապես հակասում է Սահմանադրությանը:

Մինչդեռ, «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն այս առնչությամբ ասել է. - «Իրավիճակը կտրուկ լարվեց այն ժամանակ, երբ այդ նպատակին հասնելու համար ընդդիմությունը գնաց հակաօրինական քայլերի: Արտակարգ իրավիճակը Երեւանում մտցվել է ՀՀ Սահմանադրության համաձայն եւ ճիշտ ըստ նախատեսված ընթացակարգի: Այն է` ԱԺ նախագահի եւ վարչապետի հետ համաձայնեցնելուց հետո եւ, այնուհետ, հաստատվելով խորհրդարանում: Կարծում եմ, որ այդ միջոցին պետք էր ավելի վաղ դիմել, գուցեեւ հնարավոր լիներ խուսափել զոհերից»:

Արձագանքելով Հայաստանի երկրորդ նախագահի այս պնդումներին` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրեն Քոչարյանի հարցազրույցը դուր է եկել:

«Քոչարյանը արդարանում է, եւ դա շատ լավ է: Դա նշանակում է, որ այն ճնշումը, որ ժողովուրդը գործադրեց, այն ճնշումը, որ Եվրոպայի խորհուրդը գործադրեց, եւ քաղաքական իրավիճակի այն փոփոխությունները, որ տեղի են ունենում, այդ ամենը Քոչարյանին դրել են արդարանալու անհրաժեշտության առջեւ», - նշեց Զուրաբյանը` հավելելով. - «Բայց ինչպես կինոյի մի հերոս ասում էր` կարդարանաք դատարանում»:

«Ընտրողների թիկունքում կատարվող գործարք»


Հայաստանի երկրորդ նախագահը նաեւ իր գնահատականն է ներկայացրել իշխանության եւ ընդդիմության մեջ սկիզբ առնող երկխոսության վերաբերյալ:

«Եթե երկխոսությունն առնչվում է քաղաքական պայքարի քաղաքակիրթ կանոնների հաստատմանը եւ տանում է դրա ծայրահեղացման բացառմանը, ապա, իհարկե, դրական եմ գնահատում », - մասնավորապես, ասել է Ռոբերտ Քոչարյանը: - «Իսկ եթե երկխոսությունն առնչվում է քաղաքական պայքարի իմիտացիայի չափանիշներին /համապատասխան պարգեւատրման դիմաց/, ապա դա, թերեւս, ընտրողների թիկունքում կատարվող գործարք է: Այդ գործարքի գինը ժողովուրդն է վճարելու` իր առանց այդ էլ սակավ միջոցներից»:

Նախկին նախագահը հավելել է, որ տեղյակ չէ, թե այժմ կոնկրետ ինչ է կատարվում կատարվում իշխանության եւ ընդդիմության միջեւ:
«Այդ գործընթացին, փառք Աստծո, չեմ մասնակցում: Ես ընդամենը նկարագրեցի հնարավոր տարբերակներն ու հնարավոր հետեւանքները: Մեր իրականության մեջ երկու տարբերակն էլ հնարավոր են: Թե դրանցից որը կիրագործվի` ցույց կտա ժամանակը», - եզրափակել է Ռոբերտ Քոչարյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG