Մատչելիության հղումներ

Այսօր «Եվրատեսիլ-2011»-ի առաջին կիսաեզրափակիչն է


Գերմանիա - Էմմին «Եվրատեսիլ-2011»-ի առաջին փորձի ժամանակ, Դյուսելդորֆ, 1-ը մայիսի, 2011թ.

Գերմանիա - Էմմին «Եվրատեսիլ-2011»-ի առաջին փորձի ժամանակ, Դյուսելդորֆ, 1-ը մայիսի, 2011թ.

Երեքշաբթի օրը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում «Եվրատեսիլ-2011» մրցույթի առաջին կիսաեզրափակիչն է:

Մրցույթի պաշտոնական բացումը կայացել է երկուշաբթի երեկոյան, իսկ մայիսի 10-ին արդեն 35 հազար հանդիսական տեղավորող Esprit-Arena մարզադահլիճում միմյանց հետ կմրցեն մասնակից 43 երկրներից 19-ը, այդ թվում եւ Հայաստանը:

Հայաստանի հետ նույն խմբում են հայտնվել եւ այսօր են ելույթ ունենալու հարեւան երկրները` Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, այսօր իր երգն է ներկայացնելու նաեւ Ռուսաստանը:

Հայաստանը համաեվրոպական երգի մրցույթում ներկայացնում է էմմին` «Boom Boom» երգով, նրա ելույթը 4-րդն է:

«Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքէջում հրապարակված հարցազրույցում Էմմին ասում է, որ մարտնչելու է հաղթանակի համար, ընդ որում` մարտնչելը կարելի է հասկանալ նաեւ բառի բուն իմաստով, քանի որ երգի ժամանակ բեմահարթակը վերածվելու է բռնցքամարտի ռինգի, էմմին բեմում հայտնվելու է բռնցքամարտիկի հսկայական ձեռնոցի վրա բազմած:

Բռնցքամարտի թեման պատահաբար չէ ընտրված` էմիին իր աջակցությունն է հայտնել Գերմանիայում բնակվող հայազգի հանրահայտ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, ով շատ սիրված է հատկապես «Եվրատեսիլ-2011»-ը հյուրընկալող երկրում: Հետաքրքիր մի զուգադիպությամբ` Արթուր Աբրահամը «Եվրատեսիլ»-ի եզրափակիչի օրը` մայիսի 14-ին ռինգ է դուրս գալու: Այդ օրը արդեն «Եվրատեսիլ»-ի բեմում ստեղծված ռինգում լինելու հույս ունի նաեւ էմմին, ով Դյուսելդորֆում իր փորձերից մեկի ժամանակ տված հարցազրույցում ասել է, որ իր կատարումը սիրով նվիրում է Արթուր Աբրահամին:

«Boom Boom» երգի ընթացքում Էմմիի հետ բեմի վրա կլինեն 4 պարող տղաներ` Հունաստանից, հենց նրանք են բեմում պարաններից ռինգ ստանալու: Խորեոգրաֆիան Էմի Զարյանն է ապահովում, ով «Եվրատեսիլ»-ում հարուստ փորձ ունի` 2007 թվականին հանդես է եկել Հունաստանի բեմականացման մեջ, 2008-ին Բելառուսի թիմում էր, 2010-ին եղել է Հունաստանի ելույթի բեմադրիչը, այժմ էլ Հայաստանի պարային համարն է բեմադրում: Չնայած ապրում է Հունաստանում` ասում է, թե մրցույթում հաղթող է ուզում տեսնել Հայաստանը` մի երկիր, որտեղ իր արմատներն են: Զարյանը հավելում է, որ երգի մրցույթի 56-ամյա պատմության մեջ դեռ ոչ ոք պարային համարում բռնցքամարտի թեման չի օգտագործել:

Հայաստանից անմիջապես հետո բեմ են բարձրանալու Թուրքիայի ներկայացուցիչները: Թուրքիան չի փոխում նախորդ տարի ընտրած ոճը եւ այս տարի էլ «Եվրատեսիլ» ռոքային կատարում է բերում, որ կոչվում է Live It Up Թուրքիան ներկայացնելու է Yuksek Sadakat ռոք խումբը:

Հիփ հոփ տարրերով ռոքային կատարում է ներկայացնելու նաեւ Վրաստանը` Eldrine ռոք խումբը ելույթ է ունենալու 9-րդը:

«Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Վրաստանի ներկայացուցիչները Դյուսելդորֆում ազգային հյուրասիրություն են կազմակերպել մայիսի 5-ին` ավանդական գինով եւ խաչապուրիով, էմմին նույնպես մասնակցել է վրացական երեկույթին:

Ադրբեջանը ներկայացնում է Էլդար Գասիմով եւ Նիգար Ջամալ (Էլ եւ Նիկի) զույգը, որը բեմում հայտնվելու է նախավերջինը` սպիտակ զգեստներով եւ ռոմանտիկ երգով, որի հեղինակը շվեդ հայտնի կոմպոզիտոր է:

Մայիսի 10-ի կիսաեզրափակիչի 19 մասնակիցներից միայն 10-ը կանցնեն եզրափակիչ, որը տեղի է ունենալու մայիսի 14-ին: Եվս 10 մասնակից կընտրվի մայիսի 12-ին երկրորդ կիսաեզրափակիչի ընթացքում:

Ընտրված 20 մասնակիցների հետ միասին եզրափակիչին առանց հավելյալ մրցույթների իրավունք ունեն մասնակցելու «Եվրատեսիլ»-ի հիմնադիր պետությունները` Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան եւ Իտալիան: Վերջինը 1997 թվականից հրաժարվել էր մասնակցությունից` առանց պատճառաբանության, սակայն 13-ամյա ընդմիջումից հետո այս անգամ «Եվրատեսիլ»-ում կլսվի նաեւ Իտալիան ներկայացնող երգչի` Ռաֆաել Գուալացիի կատարումը:

Բուքմեյքերները այս տարի առավել հավանական են համարում Ֆրանսիայի հաղթանակը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG