Մատչելիության հղումներ

logo-print
Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն այսօր պարզաբանումներ է տվել անցած շաբաթ իր անվան հետ կապված երկու աղմկահարույց միջադեպերի կապակցությամբ:

Դրանցից առաջինը վերաբերում էր Շիրակի մարզպետի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի վեճին, որը, իբր թե, տեղի էր ունեցել Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի համայնքապետ Վաղինակ Բաղդասարյանի որդու հարսանիքի ժամանակ: Վերջինս` Արթուր Բաղդասարյանի ազգականն է, «Օրինաց երկիր» կուսակցության անդամ: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկատվության, հարսանիքի ժամանակ տհաճ խոսակցություն է ծագել, որից հետո Արթուր Բաղդասարյանը եւ Աշոտ Գիզիրյանը առանձնացել են կողքի սենյակում:

«Միանշանակ ասեմ, որպեսզի բոլորը լսեն, որ նման բան չի եղել, դա իրականությանը չի համապատասխանում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց Աշոտ Գիզիրյանն ու հավելեց. - «Ես եւ Արթուր Բաղդասարյանը իրար գիտենք երկար տարիներ, եւ մենք 20 տարեկան չենք, որ հարսանիքում վիճաբանություն սարքենք: Ես չգիտեմ դա որտեղից է դուրս եկել»:

Երկրորդ միջադեպը վերաբերում է մայիսի 6-ի ուշ երեկոյան Երեւանի Հյուսիսային պողոտայում գտնվող Այսբերգ սրճարանում տեղի ունեցած ծեծկռտուքին Շիրակի մարզպետի եղբորորդու եւ սրճարանի անվտանգության աշխատակիցների միջեւ: Մամուլում լուրեր կային, որ հնչել են կրակոցներ, կան վիրավորներ: Ոստիկանությունը միջադեպի առնչությամբ հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն դեպքի վայրից խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 3 հոգի, նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է ատրճանակ, որն առգրավվել է:

Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն այսօր հաստատեց, որ միջադեպ եղել է, բայց ոչ այնպես ինչպես ներկայացվել է. - «Այն, ինչ գրված է` կրակոցներ, վիրավորներ, իրականությանը չի համապատասխանում: Այո, նման միջադեպ եղել է, եւ ես միշտ ասել եմ` ցանկացած մարդ, կապ չունի դա կլինի Գիզիրյանի եղբոր տղան, թե ինչ-որ պաշտոնյա, կամ սովորական քաղաքացի, պետք է իր արարքի համար պատասխան տա, հատկապես եթե արարքի մեջ հանցակազմ կա»:

Գիզիրյանը վստահեցրեց, որ տեղի ունեցածը «մանր խուլիգանություն» է, որը հնչեղություն է ստացել, քանի որ միջադեպին մասնակցել է իր եղբորորդին:

«Ես ասել եմ, որ ոչ մի անգամ ոչ մի բան թաքցնելու չունեմ», - եզրափակեց Շիրակի մարզպետը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG