Մատչելիության հղումներ

«Անհամբերությամբ սպասում եմ այն օրվան, երբ կլուծվեն տարածքային վեճերը»


ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ Պետրոս Էֆթիմիու

ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ Պետրոս Էֆթիմիու

ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուն հարավկովկասյան անդրանիկ ուղեւորության ընթացքում այցելում է Երեւան, ապա Բաքու։

APA ադրբեջանական լրատվական գործակալությանը այցի նախօրեին տված հարցազրույցում Պետրոս Էֆթիմիուն ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԵԱՀԿ-ի գրասենյակներում մտադիր է քննարկել տարածաշրջանային զարգացումները եւ ԵԱՀԿ-ի առաջնահերթությունները:

«Անհամբերությամբ սպասում եմ այն օրվան, երբ կլուծվեն տարածքային վեճերն ու խաղաղություն կհաստատվի, ինչը բոլոր կողմերին թույլ կտա իրենց ուժերը կենտրոնացնել բարգավաճման եւ ընդհանուր զարգացման խնդիրների վրա», - ասել է ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահը:

Նշելով, որ չնայած ակնկալիքներին, անցյալ տարեվերջին Աստանայում ԵԱՀԿ-ի գագաթնաժողովում այդպես էլ համաձայնություն չի եղել հիմնարար սկզբունքների շուրջ, APA-ի թղթակիցը խնդրել է կանխատեսում անել կարգավորման վերաբերյալ:

«Ես տարածաշրջան եմ մեկնում ոչ թե կանխատեսումներ անելու, այլ գործընթացին նպաստելու առաքելությամբ։ Երկու կողմերից պահանջվում է խիզախություն եւ քաղաքական կամք», - ընդգծել է Էֆթիմիուն:

«Վեհաժողովի հիմնական խնդիրն է խորհրդարանական երկխոսության միջոցով նպաստել վստահության ամրապնդմանը։ Այդ մակարդակով հարաբերությունների բարելավումը կարող է նպաստել նաեւ պետությունների մակարդակով կապերի բարելավմանը», - նշել է ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի ղեկավարը:

Պետրոս Էֆթիմիուն դիվանագիտորեն մեկնաբանել ԵԱՀԿ ԽՎ-ի` Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ բանագնացի պաշտոնի առայսօր թափուր լինելու խնդիրը:

«Ղարաբաղյան հակամարտությունն ու ընդհանրապես Կովկասի իրավիճակը ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի համար առաջնահերթություններից մեկն է: Ինչպես գիտեք, Գորան Լենմարկերը հեռացել է քաղաքականությունից, եւ հիմա ես փորձում եմ հետեւել իրավիճակի զարգացմանը, որքան դա հնարավոր է անել խորհրդաժողովի նախագահի պաշտոնում», - ասել է Էֆթիմիուն:

APA լրատվական գործակալության թղթակիցը նշել է, որ Ադրբեջանի պատվիրակությունը ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովում ներկայացրել է ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող մի բանաձեւի օրինագիծ եւ հարցրել դրա օրակարգ մտցնելու հավանական ժամկետի մասին:

«Երբ խոսքը հակամարտությունների կարգավորման եւ բանակցությունների մասին է, ապա, համաձայն գործող կանոնների, հարցը նախ կառավարությունների մակարդակով է քննարկվում», - անդրկովկասյան անդրանիկ ուղեւորության նախօրեին ասել է ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուն եւ ավելացրել. - «Այնուամենայնիվ, խորհրդարանի անդամները բացառիկ դեր են կատարում որեւէ հակամարտության կարգավորմանը հասարակական ոլորտը նախապատրաստելու հարցում»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG