Մատչելիության հղումներ

logo-print

ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահը նաեւ ԼՂ-ի հակամարտության խնդիրը կքննարկի


ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիու

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիու

ԵԱՀԿ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանի փոխանցմամբ` այս տարվա հուլիսին Բելգրադում կայանալիք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանում քննարկվելիք խնդիրների շարքում օրակարգային են լինելու նաեւ ԵԱՀԿ տարածաշրջաններում առկա չլուծված հակամարտություններին, այդ թվում Լեռնային Ղարաբաղի կարգավորման առնչվող հարցերը:

Արամ Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) նախագահ Պետրոս Էֆտիմիուի այցը տարածաշրջան հարկ է դիտարկել հենց բելգրադյան նստաշրջանի համատեքստում:

ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահը Երեւան է ժամանում այսօր եւ Հայաստանում կլինի մինչեւ մայիսի 11-ը: Այնուհետեւ նա կմեկնի Բաքու, որտեղ կմնա մինչեւ մայիսի 13-ը: ԵԱՀԿ ԽՎ-ից ստացված հաղորդման համաձայն, Էֆտիմիուն Երեւանում եւ Բաքվում նախատեսում է հանդիպումներ ունենալ երկու երկրների բարձրագույն պաշտոնատար անձանց, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանի հստակեցմամբ` Էֆտիմիուն Հայաստանում հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահի, ԱԺ նախագահի, խորհրդարանական խմբակցությունների, Արտաքին գործերի նախարարի հետ, ինչպես նաեւ արարողակարգային այց կկատարի Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր:

Արամ Սաֆարյանի խոսքով` այս պահին ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահի համար առավել հետաքրքրում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկայիս փուլին առնչվող խնդիրները:

«Տեղյակ ենք լրատվամիջոցներից, որ ադրբեջանական կողմը որոշել է Բաքվում բարձրացնել դիպուկահարների հարցը, բայց ուզում եմ ասել, որ այստեղ ճշմարտությունը ոտից գլուխ շուռ տալու խնդիր չկա: Իրականում մենք ենք առաջինը այդ մտահոգությունները հայտնել, որովհետեւ մեր զինվորներն են այդ սադրիչ գործողությունների զոհ գնացել վերջին ամիսների ընթացքում», - ասաց Սաֆարյանը:

Սաֆարյանը նաեւ տեղեկացրեց, թե Էֆտիմուի հետ հանդիպումների ընթացքում ինչ առաջարկություններով են հանդես գալու:

«Մենք արդեն իսկ կարծում ենք, որ պարոն Էֆտիմուին պետք է հուշել, որ ԵԱՀԿ խորհրդարանական ձեւաչափում քննարկվի ԵԱՀԿ Մինսկի խմբին այնպիսի լիազորություններ տալու հարցը, որը ունենա բավարար գործիքակազմ ամեն անգամ միջազգային հանրությանը, մասնավորապես ԵԱՀԿ-ի շրջանակներին ճշգրիտ եւ փաստացի իրազեկելու, թե կողմերից որ մեկն է խախտում է հրադադարի ռեժիմը, սադրիչ գործողություններ է ձեռնարկում, որոնք փաստորեն տանում են բանակցային գործընթացի ձախողմանը», - ասաց Սաֆարյանը:

ԵԱՀԿ ԽՎ-ի հաղորդակցությունների գրասենյակի տնօրեն Նեյլ Սայմոնը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ թեեւ Էֆտիմիուի այցը պլանավորված է, եւ այն չի կարելի դիտարկել իբրեւ ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին զարգացումների անմիջական արձագանք, սակայն Էֆտիմիաուին հետաքրքրում են կազմակերպության տարածքում գտնվող հակամարտությունների ճակատագրերը:

«Վեհաժողովը վերջին շրջանում հետեւողականորեն իր մտահոգությունն է հայտնել տարածաշրջանում ստեղծված իրադրության կապակցությամբ եւ, անշուշտ, Երեւան եւ Բաքու իր այցերի ընթացքում ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահը ձգտելու է օժանդակել կողմերին Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների միջոցով խնդրի խաղաղ լուծում գտնելու հարցում», - ասաց Նեյլ Սայմոնը` հավելելով. - «Ինչպես գիտեք, ցանկացած վերջնական լուծում, որին կողմերի կառավարությունները կարող են հասնել, կարիք ունի հասարակական լայն աջակցության եւ այդ առումով խորհրդարաններն ու խորհրդարանական դիվանագիտությունը լավագույն միջոցն են վերջնական լուծմանն օժանդակելու եւ այն ամրագրելու տեսանկյունից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG