Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանում ողջունում են Էրդողանի վերջին հայտարարությունները


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ, Քասթամոնու, 4-ը մայիսի, 2011թ.

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ, Քասթամոնու, 4-ը մայիսի, 2011թ.

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի վերջին ելույթը Իգդիրում, որում շեշտվում էր Ադրբեջանի կարեւորությունը Թուրքիայի համար, Ադրբեջանում ջերմորեն ողջունվեց, փոխանցում է թուրքական Zaman-ը:

Ադրբեջանցի փորձագետների կարծիքով` այս հայտարարությունը ամրապնդում է վստահությունը երկու եղբայրական պետությունների միջեւ:

Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախընտրական արշավի շրջանակներում ելույթ ունենալով Իգդիրում, Էրդողանը անդրադարձել է նաեւ Ղարաբաղյան հակամարտությանը` ասելով, թե հայ - թուրքական հարաբերությունների բարելավումն այնքան կարեւոր չէ, որքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը: Առանց հակամարտության լուծման Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացման գործընթացն անհնար է, հայտարարել է Թուրքիայի վարչապետը:

«Ես պարզորոշ հայտարարում եմ եւս մեկ անգամ` առանց Ղարաբաղյան հակամարտության փակուղին հաղթահարելու, մեր հարաբերությունները Հայաստանի հետ չեն կարող վերադառնալ ճիշտ ուղի», - ասել է Էրդողանը եւ հավելել, թե Հայաստանը պետք է հասկանա, որ եթե Ադրբեջանը սպառնալիքի տակ լինի, Թուրքիան կկանգնի Ադրբեջանի կողքին:

Բաքվում Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ջավիդ Վելիեւը Today’s Zaman-ի հետ հարցազրույցում ասել է, որ Ռեջեփ Էրդողանի այսպիսի հայտարարությունները պարզորոշ ցույց են տալիս Թուրքիայի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ եւ նպատակ ունեն հասկացնել Ադրբեջանին, որ այդ երկիրն ավելի կարեւոր է Թուրքիայի համար, քան Հայաստանը:

Պաշտոնական Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների նորմալացմանն ուղղված ջանքերը կարճ ժամանակով խաթարեցին թուրք - ադրբեջանական բարեկամությունը, երբ Թուրքիան ստորագրեց ցյուրիխյան արձանագրությունները 2009 թվականի հոկտեմբերին:

Zaman-ի հետ հարցազրույցում Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի փորձագետ Էլնուր Սոլթանովը ասել է, որ Թուրքիայի վարչապետի Իգդիրում ունեցած ելույթը ոչ միայն առաջիկա ընտրություններում քվեներ շահելու միջոց է, այլեւ արտահայտում է Թուրքայի պաշտոնական քաղաքականությունը:

Թուրքական նույն պարբերականին տված հարցազրույցում Բաքվի «Ատլաս» գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլուն ասել է, որ էրդողանը Նախիջեւանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը նույնքան կարեւոր է համարում, որքան Թուրքիայի անվտանգությունը, եւ Թուրքիայի կողմից Ադրբեջանին սատարելը շատ կարեւոր ուղերձ է միջազգային հանրությանը, Հայաստանին եւ Ադրբեջանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG