Մատչելիության հղումներ

Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի ղեկավարությունը, Ամենայն Հայոց կաթողիկոսը:

«Մենք տասնամյակներ շարունակ նշում ենք այս տոնը, որը մեր հայրերի ու պապերի սխրանքի արդյունք է», - ասված է, մասնավորապես, նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում: - «Հայության համար Երկրորդ աշխարհամարտն իսկապես Մեծ Հայրենական պատերազմ էր: Հանուն հաղթանակի թե՛ Սփյուռքը, թե՛ Հայաստանը տվեցին՝ ինչ կարող էին: Ե՛վ տարբեր ճակատներում, ե՛ւ դիմադրության ու պարտիզանական շարժումներում, ե՛ւ թիկունքում հայորդիները անձնվիրությամբ ու հերոսությամբ պսակեցին իրենց անունը»:

«1992 թվականի մայիսի 9-ը կրկին դարձավ խորհրդանիշ, այս անգամ՝ հայության հաղթանակի, կամքի ու անմահության խորհրդանիշ: Այսօր եւ մեկընդմիշտ մենք լիասիրտ տոնելու ենք մեր փառավոր հաղթանակը, որ բարու հաղթանակն է չարի եւ բարբարոսության նկատմամբ», - նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` իր ուղերձում գրել է Սերժ Սարգսյանը: - «Շուշիի ազատագրումն այն բեկումն էր, որ ցույց տվեց նախ մեզ, ապա մնացյալ աշխարհին, թե ինչ ասել է «դասեր քաղած հայ»: Մենք լռեցրել ենք եւ, եթե հարկ լինի, այսուհետ ե՛ւս լռեցնելու ենք բոլոր այն կրակակետերը, որտեղից կրակում են մեր երեխաների եւ ծնողների վրա: Բայց ես հուսով եմ, որ դրա կարիքն այլեւս չի լինելու, ինչի հիմնական երաշխավորներն են հայրենի երկրի խաղաղությունը պահպանող մեր զինվորները»:

«Ամենամեծ հաղթանակը խաղաղությունն է եւ նրա բարի պտուղները», - ընդգծում է նախագահը իր ուղերձում:

«19 տարի է` Շուշիի ազատագրումով մայիսի 9-ը իբրեւ հաղթանակի օր մեզ համար ձեռք է բերել ավելի ծանրակշիռ նշանակություն՝ դառնալով մեր միասնականության, համերաշխության, միմյանց նկատմամբ հանդուժողականության, եւ իբրեւ արդյունք` նորօրյա հաղթանակների խորհրդանշական օր», - խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ասված է, մասնավորապես, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձում:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից տրամադրել են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի շնորհավորական ուղերձը, որում, մասնավորապես, ասված է. - «Մայիսի 9-ը, որ մեր կյանքում նշանավորվում է Հայրենական մեծ պատերազմում եւ Արցախյան ազատամարտում մեր ժողովրդի հաղթանակներով, Հայրենիքի պաշտպանության պանծալի խորհուրդն ունի մեզ համար: Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած քաջարի հայորդիք` նշանավոր զորահրամանատարներ ու արիասիրտ զինվորներ, անձնվիրումով ու հերոսաբար պայքարեցին հանուն աշխարհում խաղաղության հաստատման: Հայրենասեր ու քաջարի նույն ոգով մեր ժողովրդի զավակները ազատագրեցին Շուշին` մեծ հաղթությամբ պսակելով արցախյան ազատամարտը եւ ազատ ու անկախ ապրելու մեր ժողովրդի արդար իրավունքը»:

Տոնի կապակցությամբ Հայաստանի պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը` նախարար Սեյրան Օհանյանի եւ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ, կիրակի օրը այցելել է Եռաբլուր Պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Ղարաբաղյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին:

«Մենք պետք է այսօր մեր խոնարհումը բերենք եւ փառք տանք մեր մարտական ընկերներին, ովքեր հանգչում են այստեղ: Մենք պարտավոր ենք կատարել նրանց բոլոր պատգամները, նրանք զրկել են մեզ սխալվելու իրավունքից», - պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Եռաբլուրում ասել է Սեյրան Օհանյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG