Մատչելիության հղումներ

Մայիսի 7-ի մամուլ


«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է Ազգային ժողովի պատգամավոր (ՀՀԿ) Գագիկ Մելիքյանի հետ: «Վերջին համապետական ընտրություններից հետո նախագահ Սերժ Սարգսյանը ուղղակիորեն հայտարարեց, որ երկրի ներքաղաքական կայունությունն ապահովելու եւ ամրապնդելու, հասարակական հանդուրժողականության մթնոլորտ հաստատելու նպատակով մշտապես երկխոսության մեջ է լինելու իշխանական ու ընդդիմադիր, խորհրդարանական ու արտախորհրդարանական բոլոր քաղաքական ուժերի, նաեւ հասարակական կազմակերպությունների հետ», - ասում է պատգամավորը` շարունակելով. - «ՀԱԿ-ը ոչ միայն չմասնակցեց այս քննարկումներին, որեւէ կերպ չնպաստեց եղած պրոբլեմները վերացնելու գործընթացներին, այլեւ ծայրահեղ ընդդիմադիր կեցվածք որդեգրեց եւ իր գործողություններով նոր մարտահրավերներ ու սպառնալիքներ առաջացրեց: «Հանուն Հայաստանի» գոչելով` այս քաղաքականացված հոսանքը փորձեց կազմալուծել իշխանական համակարգը, հարվածել ու թուլացնել պետականության հիմքերը: Հիմա բոլորս ականատես ենք, որ նրանք ոչ միայն չկարողացան իրագործել իրենց նկրտումները, այլեւ իշխանությունների ու հատկապես երկրի ղեկավարի վարած հետեւողական ու ճշգրիտ քաղաքականության շնորհիվ համոզվեցին, որ իրենց ընտրած ուղին սխալ է»:

Իսկ «168 ժամ»-ը զրուցել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի հետ, ով Մարտի 1-ի հետ կապված անձանց ազատ արձակելու վերաբերյալ ասում է. - «Սերժ Սարգսյանը չէր հայտարարում, որ` պիտի ազատենք, ասում էր, թե արդարադատության նախարարը առաջարկներ ներկայացնի կալանավորների վերաբերյալ: Բնականաբար, դրան հետեւեցին այդ խնդրագիր-դիմումները: Սա փոփոխությունների պրոցես է ոչ միայն մարդու իրավունքների, այլ ողջ տնտեսության դաշտում: 2008թ. մարտի 1-ից հետո իրավիճակը երկրում բավականին լարված էր, եւ մենք լայն թափով չէինք կարող գնալ այդ փոփոխություններին, հատվածային էր լինում: Հիմնական գաղափարը, որի համար մենք գնում ենք այդ քայլերին, փոփոխություններին, բարեփոխումներին, մեր գաղափարախոսություն է: ՀՀԿ-ն պահպանողական գաղափարախոսություն կրող կուսակցությունն է: Եվ պահպանողականները հեղափոխությունների հարցում իրենք են գնում բարեփոխումների, որպեսզի երկրում դրանք չլինեն, որովհետեւ դրանք տանում են տնտեսական կազմալուծման, նույնիսկ պետության կազմաքանդման: Այսինքն` պահպանողականները պետականության պահպանման դրոշակակիրներն են, նույնիսկ պատրաստ են գնալ որոշակի փոփոխությունների, իհարկե, հիմնական արժեքները պահպանելով, բայց չթողնել, որ երկրում լինի հեղափոխություն»:

«ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը «Առավոտ»-ին ասել է. - «Ես իմ դատողությունների ու եզրահանգումների համար հիմք կընդունեմ միայն հրապարակային արված հայտարարությունները, գնահատականները, առաջարկները ու դրանք պատասխանները, որոնք Տեր-Պետրոսյանը անվանում է «բաց, հրապարակային դիալոգ»: Մարտի 17-ին նա առաջադրեց 3 խնդիր, ապա անբացատրելի համոզվածություն հայտնեց, որ դրանք անպայման լուծվելու են, եւ դրանից ի վեր Սերժ Սարգսյանն ու նրա իշխանությունը ինչ-որ կերպ արձագանքեցին դրանց: ՀԱԿ-ը հայտարարեց, որ իրենց բավարարում է երեքից երկուսի լուծումը եւ սպասում է երրորդի` քաղբանտարկյալների ազատ արձակմանը: Հետեւաբար, հիշյալ երեք հարցերով պայմանավորվածությունները, երկխոսությունը միանգամայն տեսանելի են` որքան էլ կողմերը կամ դրանցից մեկը հերքեն դա: Եթե չլինել չորրորդ խնդիր, օրինակ` արտահերթ ընտրությունների հարցը, իսկ Սերժ Սարգսյանն ու նրա թիմն էլ մյուս երեք պահանջների համանմանությամբ արձագանքեին դրան, ապա այդ դեպքում եւս կենթադրեինք, որ արտահերթ ընտրության հարցը նույնպես առկա է ՀՀԿ - ՀԱԿ երկխոսության օրակարգում: Եթե չկա նման հրապարակային առաջարկ ու պատասխան, ուրեմն մնում է եզրակացնել, որ այդպիսի առաջնահերթ խնդիր ՀԱԿ-ի օրակարգում դրված չէ»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Հայաստանը դատարկվում է, եւ դատարկվում է կատաստրոֆիկ արագությամբ: Իշխանություններն էլ ձեւացնում են, թե պայքարում են դրա դեմ: Իսկ գուցե իսկապե՞ս պայքարում են: Սփյուռքահայերին կոչ են անում ներդրումներ կատարել Հայաստանում, «Արի տուն» ծրագիր են իրականացնում եւ այլն: Բայց դրան զուգահեռ` Հայաստանի տարբեր վայրերում գրասենյակներ կան, որտեղ Ռուսաստանի իշխանությունները ցուցակագրում են Սիբիր կամ Ալթայ արտագաղթել ցանկացող հայերին: Ի դեպ` ահավոր հերթեր են: Հայաստանի իշխանություններն էլ որեւէ բան չեն ձեռնարկում: Ուրեմն ո՞րն է այս հակասության պատճառը: Ըստ էության` ամեն ինչ շատ պարզ է: Հայաստանից հեռանում են հիմնականում ծայրահեղ աղքատները (համենայն դեպս` Ռուսաստանի դաշնային ծրագրով), իսկ Սփյուռքից եկողները, ոնց էլ լինի, փող կունենան: Այսինքն` Հայաստանի իշխանությունները դրսից «փողատերերին» կանչում են, ներսի աղքատներին` վռնդում երկրից»:

«Կապիտալ»-ը գրում է. - «Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնի շուրջ անցած տարվա վերջից սկիզբ առած ինտրիգը շարունակում է պահպանել «ՀայՌուսգազարդը»։ «Գազպրոմն» արդեն ստորագրել է Հայաստանին վաճառվող գազի գնի նոր պայմանագիրը, որը «ՀայՌուսգազարդը» դեռ չի ստորագրել։ Անկախ նրանից, թե որտեղ է «կորել» պայմանագիրը, դրա ստորագրումն օրերի հարց է, եւ ամենայն հավանականությամբ մինչեւ մայիսի կեսը հայտնի կդառնա Հայաստանին վաճառվող գազի նոր գինը, որը, ըստ որոշ տեղեկությունների, բարձրացվել է եւ լինելու է 200 դոլարի շրջանակում՝ 1000 խմ-ի դիմաց (2010թ. ապրիլի 1-ից Հայաստանը 1000 խմ ռուսական գազը ձեռք է բերում 180 դոլարով)։ Այն, որ Հայաստանի համար «Գազպրոմը» բարձրացնելու է կապույտ վառելիքի գինը, կանխատեսելի էր, եւ ողջ խնդիրն այն է, թե ինչ չափով կլինի այդ բարձրացումը»։
please wait

No media source currently available

0:00 0:04:52 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG