Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարարը վստահեցնում է, որ «Մարտի 1»-ի գործով քննչական գործողություններ կատարվում են


Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հավաստիացնում է, որ «Մարտի 1»-ի գործով քննչական գործողությունները վերսկսված են:

Դատաիրավական համակարգի պատասխանատուների մասնակցությամբ ապրիլի 20-ին կայացած խորհրդակցության ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պահանջել էր 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել: Այդուհանդերձ, մինչ օրս անգամ զոհերի հարազատները չեն հրավիրվել հատուկ քննչական ծառայություն: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում 2008 թվականի մարտի 1-ի սպանությունների բացահայտման ներկայիս իրավիճակը, Հրայր Թովմասյանը պատասխանեց` «մի ակնկալեք, որ այդ ամբողջը մեկ օրում է արվելու»:

«Ենթադրվում է, որ Հատուկ քննչական ծառայությունը պետք է վերցնի նախորդ բոլոր ապացույցները, կրկին անգամ հետազոտի, տեսնի, թե կարո՞ղ է ինչ-որ բան բաց է թողնվել: Այսինքն, եթե քննչական գործողություններ չեն կատարվում, վկաներ չեն հրավիրվում, դա չի նշանակում, որ քննչական ծառայությունը ոչինչ չի կատարում», - պարզաբանեց արդարադատության նախարարը: - «Նախաքննության գաղտնիությունը ենթադրում է, որ հանրության սեփականությունը չի դառնա այն ամբողջը, ինչ իրենք անում են, այնպես որ, թող այդ թյուր տպավորությունը չստեղծվի, թե այնտեղ ոչինչ չեն անում»:

Ապրիլի 27-ին Հայաստանի նախագահը հայտարարել էր, թե իշխանությունները պատրաստ են երկրի քաղաքական իրավիճակի «լիցքաթափման քայլեր կատարել» եւ ասել էր, թե հանձնարարել է արդարադատության նախարարին առաջարկություններ ներկայացնել:

Ապրիլի 28-ին Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքում ընդդիմության առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, վկայակոչելով Սերժ Սարգսյանի խոսքերը, կարծիք հայտնեց, որ «իշխանությունը, միանգամայն անթաքույց նկատառումներով, որոշել է քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը լուծել մայիսի 28-ի տոնի կապակցությամբ»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք գործադիր իշխանությունը ինչ-որ քայլեր է կատարում այս ուղղությամբ, Հրայր Թովմասյանն արձագանքեց. - «Դա ձեր մեկնաբանությունն է, սպասեք մինչեւ 28-ը, կամ 28-ից հետո` կտեսնեք ինչ է կատարվում»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG