Մատչելիության հղումներ

Deep Purple խմբի վոկալիստ Իէն Գիլանի եւ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին այսօր աշխարհին ներկայացրեցին համատեղ հիմնած Who Cares խմբի ձայնասկավառակն ու տեսահոլովակը, որը ստեղծվել է Գյումրիի երաժշտական դպրոցի վերակառուցման համար միջոցներ հանգանակելու նպատակով:

Ձայնասկավառակի երեւանյան շնորհանդեսին ներկա էր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Եթե մեգաաստղերը այսպիսի ակցիա են կատարում, որը նվիրված է Հայաստանին, Գյումրուն, աղետի գոտուն, երաժշտական դպրոցի վերականգնմանը, մենք չենք կարող անտարբեր լինել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Տիգրան Սարգսյանը` շարունակելով. - «Կարծում եմ, որ ռոքի սիրահարները անկաշկանդ մարդիկ են, լավատեսորեն են տրամադրված դեպի երկրի ապագան եւ արժանի են աջակցության»:

Գիլանն ու Այոմին արդեն մեկ անգամ աշխատել են միասին Black Sabbath-ի Born Again ալբոմի վրա: Հիմա էլ ուժերը միավորել են Գյումրի թիվ 6 երաժշտական դպրոցին օգնելու համար:

Բացի երկու երգերից` Out of My Mind եւ Holy Water, ձայնասկավառակը պարունակում է նաեւ 40 րոպե տեւողությամբ վավերագրական ֆիլմ այն մասին, թե ինչպես են Գիլանն ու Այոմին տարիներ շարունակ օգնել Գյումրիին:

1988-ի երկրաշարժից տպավորված` Թոնի Այոմին 20 տարի առաջ ֆինանսապես օգնել էր Հայաստանին, բայց, ինչպես ինքն է ասել` միայն վերջերս Գյումրի այցելելուց հետո պարզ դարձավ, որ լրացուցիչ միջոցների կարիք կա` երաժշտական դպրոցը վերականգնելու համար:

1989 թվականին ռոքի գերաստղերի ձայնագրած Deep Purple-ի ամենահայտնի հիթը` Smoke on the Water-ը դարձել էր «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի խորհրդանիշը:

Նոր սկավառակից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման հիմնադրամին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG