Մատչելիության հղումներ

logo-print

«Եվրանեսթը կամուրջ է դեպի Եվրոպա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ուրբաթ օրը ասաց «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը, հիշեցնենք, մի քանի օր առաջ Բրյուսելում տեղի ունեցած հիմնադիր նիստում ընտրվեց «Եվրանեսթ»-ի փոխնախագահ:

Նրա գնահատմամբ` հաջորդ ընտրությունները ցույց կտան Հայաստանի իրական ցանկությունները. - «Ուզո՞ւմ ենք այդ կամուրջը անցնեք, թե՞ չէ: Եթե ուզում ենք, պիտի սկսենք շարժվել… Ղեկավարությունը վստահեցնում է, որ այո, բայց դա ամենաթափանցիկ եւ հստակ ձեւով կերեւա մեկ տարի հետո, երբ ընտրություններ տեղի կունենան: Եթե այդ ընտրությունները հաջող, նորմալ անցան, վստահեցնում եմ ձեզ, որ Եվրանեսթում մենք ուժը եւ հեղինակությունը կունենանք ցանկացած հարց դրականորեն լուծելու մեր օգտին»:

«Սա ճանապարհ չէ դեպի Եվրամիություն, բայց հնարավորություն է` ստեղծելու այնպիսի պայմաններ, որոնք ճանապարհ կհարթեն դեպի Եվրոպա», - ավելացրեց Հովհաննիսյանը` շարունակելով. - «Զարգանամ այնքան, որ մտնելս պրոբլեմ չլինի, ես ինքս մտածեմ` արժի՞, թե՞չէ. այդպիսի մոտեցում Հայաստանում ձեւավորվում էր 2000-ականների առաջին կեսին: Հետո, սակայն, եվրոպական ինտեգրացիայի գործընթացը ընդհանրապես բովանդակաթափվեց: Այսինքն` իմաստաթափվեց: Արտաքուստ` եվրաինտեգրում, իրականության մեջ` չէ: Բարձրաստիճան չինովնիկները հասկացան որպես իրենց անձնական եվրաինտեգրում, որ իրենք այնտեղ տուն ունենան, որ իրենց երեխաները այնտեղի բուհերում սովորեն: Իրենք այդ ձեւով ինտեգրվեցին, բայց` ոչ հասարակությունը: Դու այստեղ պիտի անկեղծ լինես, իսկապես պիտի դա անես: Որովհետեւ խաբել հնարավոր չէ, մանավանդ հիմա` երբ Եվրանեսթը կա: Դա խոշորացույց է, իսկ Հայաստանը երբ խոշորացույցով նայում ես, պատկերը հրապուրիչ չէ»:

«Եվրանեսթ»-ը Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի բաղկացուցիչներից է, որտեղ բարեփոխումների ուղղությամբ աշխատանք են ծավալելու գործընկերության ծրագրի մաս կազմող երկրների խորհրդարանական պատվիրակությունները: Կառույցի աշխատանքներին կմասնակցեն Եվրախորհրդարանի 60 ներկայացուցիչներ արեւելաեվրոպական պետություններից, նաեւ` Արեւելյան գործընկերության ծրագրին միացած ազգային պատվիրակությունների 60 անդամներ:

2009-ի մայիսից մեկնարկած Արեւելյան գործընկերության ծրագրին միացել են հետխորհրդային վեց պետություններ` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Ուկրաինան եւ Բելառուսը: Եվրոպան, սակայն, չի ցանկանում «Եվրանեսթ»-ում աշխատել Բելառուսի հետ, ուստի 10 տեղ առայժմ թափուր կմնա: Պատճառը այդ երկրում անցկացված վիճահարույց նախագահական ընտրություններն են: Հայաստանյան պատվիրակության հիմնական կազմում ներկայացված են խորհրդարանական բոլոր խմբակցությունները:

Վահան Հովհանիսյանի փոխանցմամբ` նորաստեղծ կառույցը վերահսկողություն է իրականացնելու Արեւելյան գործընկերության ծրագրով նախատեսված եւ գործադիր մարմիններին վերապահված քայլերի նկատմամբ:

«Եվրանեսթ»-ի շրջանակներում, նրա խոսքով, կարող են քննարկվել ամենատարբեր հարցեր: Խորհրդարանական վեհաժողովը ունի չորս հանձնաժողով` քաղաքական, տնտեսական ինտեգրացիայի, էներգետիկ անվտանգության, սոցիալական հարցերի:

«Պրակտիկորեն ցանկացած հարցի վերաբերյալ կարող են բանաձեւ, ռեզոլյուցիա գրել: Կարող են ստեղծել մոնիթորինգի խմբեր, վերահսկել ինչ-որ երեւույթ` կապված լինի դա կոնֆլիկտային խնդրի հետ կամ, ասենք, հուշարձաններ ոչնչացնելու կամ ընտրությունների եւ ժողովրդավարական պրոցեսների: Միգուցե նրանք նույնիսկ քաղբանտարկյալների այցելեն, օրինակ, Ադրբեջանում: Որովհետեւ դե ուրիշ որտե՞ղ կա…», - նշեց Վահան Հովհաննիսյանը:

Հայաստանյան պատվիրակությանը, նրա փոխանցմամբ, հաջողվել է մինչեւ հիմնադիր նիստը ամրագրել կոնսենսուսի իրավունքը. կենսական նշանակության հարցերի քննարկման ժամանակ ազգային պատվիրակությունները կարող են արգելափակել բանաձեւի ընդունումը: «Եվրանեսթ»-ը ղեկավարվում է երկու նախագահների եւ 8 փոխնախագահների կողմից: Նախագահող երկրներն են Ուկրաինան եւ Բուլղարիան: Բոլոր պաշտոնները ռոտացիոն են:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG