Մատչելիության հղումներ

Բաքվում ոստիկանները ուժ կիրառելով ցրել են մահմեդական հավատացյալների բողոքի ակցիան


Ադրբեջան -- Գլխաշորով ուսանողուհուն արգելել են մուտք գործել Բաքվի մանկավարժական ինստիտուտ, արխիվային լուսանկար
Ադրբեջան -- Գլխաշորով ուսանողուհուն արգելել են մուտք գործել Բաքվի մանկավարժական ինստիտուտ, արխիվային լուսանկար
Ուրբաթ օրը Ադրբեջանի կրթության նախարարության շենքի մոտ հարյուրավոր մահմեդական հավատացյալներ ակցիա են անցկացրել՝ պահանջելով թույլատրել դպրոցներում գլխաշոր, չադրա կրելը։ Նրանք պահանջել են նաեւ կրթության նախարարի հրաժարականը, բացականչել են «Ալլահ աքբար», «Ազատություն հիջաբներին»:

Իսկույն դեպքի վայր են ժամանել ոստիկանության արագ արձագանքման գնդի ջոկատայինները, քաղաքացիական հագուստներով ոստիկաններ եւ մահակներով սկսել են ծեծի ենթարկել ցուցարարներին` հարվածելով նաեւ կանանց: Հաղորդվում է, որ տուժել են նաեւ լրագրողներ. ոստիկանները նրանց նույնպես հարվածել են` փորձելով խլել տեսախցիկները, խանգարել, չթողնել, որ լուսանկարեն ու տեսագրեն ցույցը:

«Թուրան» գործակալությունը հաղորդում է, որ տասնյակ մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել: Ինտերնետում տեղադրված լուսանկարները ցույց են տալիս արյունլվա մարդկանց, ոստիկանների ու քաղաքացիական հագուստներով անձանց, որոնք մահակներով, ոտքերով հարվածում են ցուցարարներին, նրանց բերման ենթարկում: Մի խումբ մարդկանց տարել են ոստիկանական բաժանմունքներ, հարցաքննելուց հետո նրանց բաց են թողել:

Ցուցարարները փորձել են դիմադրել, հակամարտությունը շարունակվել է հարեւան փողոցներում: Նրանք քարեր են շպրտել ոստիկանների վրա, բայց վերջիններս նրանց փողոցներում չեն հետապնդել:

Դպրոցներում չադրա կրելը Ադրբեջանում արգելվել է անցյալ տարվա նոյեմբերին:

Այս տարվա սկզբին ձերբակալվել են Ադրբեջանի իսլամական կուսակցության առաջնորդն ու մի խումբ ակտիվիստներ: Նրանց ձերբակալությունից հետո մայիսի 6-ի ակցիան առաջին զանգվածային ցույցն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG