Մատչելիության հղումներ

Էռնեստ Վարդանյան. «Ես շոկի մեջ եմ»


Էռնեստ Վարդանյանը կնոջ` Իրինայի հետ, արխիվային լուսանկար
Էռնեստ Վարդանյանը կնոջ` Իրինայի հետ, արխիվային լուսանկար
Էռնեստ Վարդանյանին ներում շնորհելու` Մերձդնեստրի նախագահ Իգոր Սմիրնովի որոշումը անակնկալ էր շատերի եւ առաջին հերթին իր` հայազգի լրագրողի համար:

«Ես շոկի մեջ եմ մինչեւ հիմա», - տուն հասնելուն պես «Ազատություն» ռադիոկայանի մոլդովական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Էռնեստ Վարդանյանը: - «Ինձ ներում շնորհելու մասին իմացել եմ երկու ժամ առաջ: Անակնկալ եկան եւ ասացին` «իրերդ հավաքիր, քեզ ազատ են արձակում»: Ես չէի սպասում, որ իրադարձություններն այսքան արագ կզարգանան: Շոկի մեջ եմ, եւ հավատս չի գալիս, որ տանն եմ»:

Փորձագետները, մինչդեռ, պնդում են, որ վարչակազմը գնացել է այդ քայլին, քանի որ զգացել է սեփական սխալը:

«Ինքը իշխանությունը հասկացավ ողջ այդ դատաքննության անօրինականությունը եւ այժմ փորձում է սա ներկայացնել մեծ հումանիտար ժեստի ձեւով` ծածկելով կատարված ապօրինությունները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Մերձդնեստրի հայտնի իրավապաշտպաններից մեկը` Ստեպան Պոպովչին:

Ավելի քան մեկ տարի անազատության մեջ պահելուց հետո, Մերձդնեստրի իշխանությունները հինգշաբթի օրը ներում շնորհեցին 15 տարվա ազատազրկման դատապարտված հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանին:

Ծնունդով գյումրեցի 30-ամյա Էռնեստ Վարդանյանը ձերբակալվել էր անցած տարվա ապրիլին եւ ամիսներ տեւած դատաքննությունից հետո մեղավոր ճանաչվել Մոլդովայի օգտին լրտեսություն կատարելու եւ հայրենիքին դավաճանելու մեջ:

Ինքը Վարդանյանն ու անկախ իրավապաշտպան կազմակերպությունները շինծու էին համարում մեղադրանքները եւ պնդում, որ դրանց հիմքում լրագրողի քննադատական եւ սուր հոդվածներն էին Մերձդնեստրի նախագահ Իգոր Սմիրնովի եւ իշխող վարչակազմի հասցեին:

«Մենք վստահ ենք, որ սա շատ խիստ պատիժ է», - հայտարարել էր ռուսաստանյան Մամուլի ազատության հիմնադրամի ղեկավար Բորիս Տիմոշենկոն եւ հավելել. - «Լրտեսության մասին մեղադրանքներին դժվար է հավատալ հատկապես այն պարագայում, երբ տեղեկություններ կան, որ ինքնախոստովանական ցուցմունքները կորզվել են ճնշումների եւ սպառնալիքների ներքո: Այս ամենը շատ տարօրինակ է եւ քաղաքական խաղեր է հիշեցնում»:

Լրագրողի ճակատագրի վերաբերյալ լուրջ անհանգստություն էին հայտնել նաեւ Եվրախորհուրդը եւ ԵԱՀԿ-ն: Այդուամենայնիվ, չնայած միջազգային կառույցների հորդորներին ու Վարդանյանի հարազատների դիմումներին, չճանաչված հանրապետության վարչակազմը պնդում էր, թե երկու երեխաների հորը վաղաժամկետ ազատ արձակելու հարցը կարող է քննարկել 2017 թվականից ոչ շուտ: «Դա է օրենսդրության պահանջը», - փետրվարին հայտարարել էր նախագահ Սմիրնովի աշխատակազմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG