Մատչելիության հղումներ

Յուրի Խաչատուրովը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների ԳՇ պետերի նիստին


Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը մայիսի 4-5-ը մասնակցել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում գումարված ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների գլխավոր շտաբների պետերի նիստին` Աֆղանստանում ուժեր տրամադրող երկրների ձեւաչափով:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` նիստի ընթացքում քննարկվել են Աֆղանստանում տիրող իրավիճակը, դաշինքի հետագա ռազմավարությունը եւ իրականացվող գործողություններին վերաբերող այլ հարցեր:

Իր ելույթում Յուրի Խաչատուրովը նիստի մասնակիցներին է ներկայացրել Աֆղանստանում իրականացվող գործողություններին Հայաստանի զորախմբի մասնակցության ընդլայնման հետ կապված ապագա ծրագրերը:

Հայաստանի զինված ուժերի 40-հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը Միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով Աֆղանստան է մեկնել անցած տարվա փետրվարին: Ստորաբաժանման խնդիրը Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգությունն ապահովելն է:

Անցած տարվա վերջին Հայաստանը պատրաստակամություն հայտնեց ավելացնել իր զինվորականների թիվը Աֆղանստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG