Մատչելիության հղումներ

Շարմազանով. «Իշխանության համար ժողովրդավարական արժեքներն ու բարեփոխումները այլընտրանք չունեն»


Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանով
Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանով
Իշխանությունը այս երեք տարիների ընթացքում հետեւողական աշխատանքներ է իրականացրել ժողովրդավարության խորացման գործում` քաղաքական պայքարը տեսնելով միայն ու միայն քաղաքական դաշտում: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ մասին ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի արած հայտարարություններին` իշխող կուսակցության խոսնակը ասաց նաեւ, թե անցած երեք տարիների ընթացքում իշխանությունը կարողացավ «համոզել մեր ծայրահեղ ընդդիմադիրներին, որ իշխանության համար ժողովրդավարական արժեքներն ու բարեփոխումները այլընտրանք չունենք, եւ եթե որեւէ մեկը, անկախ նրանից` դու իշխանություն ես թե ընդդիմություն ես, ցանկանում ես, որպեսզի մեր երկրում զարգանան ժողովրդավարական ազատությունները եւ քաղաքական պրոցեսները գնան նորմալ հունով, դու պետք է պատրաստ լինես տվյալ իշխանության հետ, տվյալ հասարակության հետ երկխոսելու ճանապարհով»:

Հայաստանի առաջին նախագահը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել էր, մասնավորապես, թե երկրում քաղաքական մթնոլորտ է փոխվել, «գնում է բաց դիալոգ»: «Մենք մեր պահանջները, մեր խնդիրները, մեր ծրագրերը բաց ներկայացնում ենք իշխանություններին եւ հասարակությանը, եւ իշխանությունն էլ բաց պատասխաններ է տալիս դրան: Իհարկե` ոչ այնքան կոնկրետ եւ ուղիղ ինչպես մենք ենք ասում, այլ ավելի մշուշապատ եւ այլն, բայց քայլեր են արվում, դա չի կարելի անտեսել», - ասել էր Տեր-Պետրոսյանը:

«Բավականին առաջարկություններ են եղել նախագահ Սերժ Սարգսյանին` բանտարկված ընդդիմադիրներին ազատ արձակելու խնդրանքով, այդ թվում Ազգային ժողովի նախագահը միջնորդեց Սասուն Միքայելյանին ազատ արձակելու խնդրանքով: Ձեր կարծիքով` երրորդ պահանջը [բանտարկված ընդդիմադիրներին ազատ արձակելու] Կոնգրեսի կկատարվի՞ մինչեւ մայիսի 31-ը», - այս հարցին Հանրապետականի խոսնակը արձագանքեց. - «Ես երբեք գուշակություններով հայտնի չեմ եղել, երբեք հայտնի չեմ եղել նախագահի լիազորությունները ինձ վերագրելով: Դա բացառապես երկրի նախագահի լիազորություններն են, երկրի նախագահի իրավունքն է, եւ հանրապետության նախագահը կորոշի` ինչպես վարվել»:

«Փաստը այն է, որ լրագրողների հետ զրույցում նախագահը վերջին հանդիպման ժամանակ նշեց, որ ինքը հանձնարարել է արդարադատության նախարարին, որպեսզի իրավական կամ արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար առաջարկներ ներկայացնի: Եվ երկրորդ փաստն էլ այն է, որ իշխանության համոզմունքն է, իշխանության հստակ քաղաքական գիծն է` երկրում խնդիրները բացառապես լուծել երկխոսության ճանապարհով, անթույլատրելի են ցնցումները, եւ պետք է ամեն ինչ անել ժողովրդավարության ընդունելի ճանապարհով: Իսկ ժողովրդավարության ընդունելի ճանապարհը բաց, քաղաքակիրթ մրցակցությունն է», - ասաց Շարմազանովը:

Թե ինչպիսին են այդ առնչությամբ տրամադրությունները Հանրապետական կուսակցությունում` Էդուարդ Շարմազանովը ասաց. - «Իշխող խմբակցությունը իր առաջարկները արել է, եւ խորհրդակցելով կոալիցիոն խմբակցությունների հետ` Ազգային ժողովի նախագահը դիմել է երկրի նախագահին»:

«Այսինքն, դրական են ձեր տրամադրությունները», - այս հարցադրմանը իշխող կուսակցության խոսնակը արձագանքեց. - «Ես ասացի այն, ինչ ասացի, հետեւությունները թողնում եմ ձեզ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG