Մատչելիության հղումներ

ԱԺ-ում քննարկվեցին Ընտրական օրենսգրքի փոփոխությունները


Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին էին նվիրված Ազգային ժողովում հինգշաբթի օրը տեղի ունեցած խորհրդարանական լսումները:

«Հնարավոր չէ օրենքով պարտադրել բարեխիղճ ընտրություններ: Դա այն չէ, որ սեւով ու սպիտակով գրենք օրենքում», - հայտարարեց Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի փորձագետ Նիկոլա Շմիդտը:

Վենետիկի հանձնաժողովը եւ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) փորձագետները, հիշեցնենք, իշխող կոալիցիայի առաջարկների վերաբերյալ եզրակացության մեջ (ապրիլի 20-ին) որպես բազմակի քվեարկության կանխարգելման միջոց առաջարկել են մատների թանաքոտման տարբերակը:

Եվրոպացի փորձագետները առաջարկում են նաեւ վերանայել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի մի շարք դրույթներ` առաջարկելով փոխել հանձնաժողովների ձեւավորման կարգը, վերացնել թեկնածուների եւ դիտորդների իրավունքների սահմանափակումները:

ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» համատեղ նախագծի եզրակացությունը ստացվել է երեկ:

«Վենետիկի հանձնաժողովի հարգելի անդամներ, դուք նշում եք, որ բոլոր կուսակցությունները` թե' կառավարության եւ թե' ընդդիմադիր, պատասխանատու են այս առումով: Ինչո՞ւ համար է «Ժառանգություն»-ը պատասխանատու` եթե «Ժառանգության» որեւէ սկզբունքային առաջարկ չի ընդունվել», - հարց բարձրացրեց «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

Կոալիցիայի հեղինակած եւ առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծից դժգոհ են թե' Դաշնակցությունը եւ թե' «Ժառանգություն»-ը, քանի որ իրենց սկզբունքային փոփոխությունների վերաբերյալ առաջարկները չեն ներառվել այդ օրինագծում:

«Այստեղ չկա ընդդիմությունը: Չկա վերահսկելիության մեխանիզմների կիրառման հնարավորությունը: Ընտրական օրենսգիրքը` այս ձեւով, չի ունենալու ո'չ հասարակության, ո'չ ընդդիմության վստահությունը», - նշեց Մարտիրոսյանը:

Կոալիցիայի նախագծին վերաբերող բազմաթիվ առաջարկները, ինչպես ասաց Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը (ՀՀԿ), իրենք դեռ քննարկում են:

«Քվեն ուժ է» հասարակական շարժման ներկայացուցիչ Նելլի Բաղդասարյանի ձեւակերպմամբ` յուրաքանչյուր ընտրությանը հաջորդում է «համազգային սթրեսը»: Դրա պատճառներից է, նա խոսքով, այն, որ իշխանությունն ունի իրականում չքվեարկող, գոյություն չունեցող, արտագաղթած մարդկանց անուններով ընտրացուցակներ:

Նա նաեւ կասկածի տակ առավ պաշտոնական պնդումները, թե ընրություններին մասնակցում է ընտրողների 65-70 տոկոսը:

«Հայաստանում ընտրությանը չի մասնակցում 40-45 տոկոսը: Իշխանության ձեւավորման համար սա, կարծում եմ, շատ մեծ թիվ է: Սա այն խավ է, որը անտարբեր է: Իսկ հասարակական արտարբերությունը կարող է հանգեցնել աղետալի երեւույթների», - ասաց Բաղդասարյանը:
please wait

No media source currently available

0:00 0:04:15 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG