Մատչելիության հղումներ

logo-print
Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը չհրապարակեց Բելա եւ Սեդրակ Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցի վերաբերյալ վճիռը:

Դատավոր Արայիկ Մելքումյանը որոշեց մայիսի 20-ից վերսկսել գործի քննությունը, սակայն վերսկսման հիմքերը չհրապարակեց:

«Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ գործը իրավական դաշտից տեղափոխվել է քաղաքական դաշտ:

«Մենք նոր ապացույցներ չունենք, ուսումնասիրելու նոր հանգամանքներ չկան: Մենք ցույց ենք տվել շատ հիմնավոր պատճառներ այս հարցը ընդհանրապես մերժելու», - պարզաբանեց Բաբաջանյանը` կարծիք հայտնելով, թե խնդիրն այն է, որ «կողմերը` Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, համաձայնության չեն եկել դատավճռի հարցով» եւ խնդիրը շարունակում է մնալ առկախ:

«Հարցը առկախ թողնելով` այսօրվա իշխանությունը փորձում է առավելագույնս իրեն զատել Քոչարյանից, նրա սանձազերծած այս դատական արշավներից», - հայտարարեց «Ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը:

Քոչարյանների ներկայացուցիչը հրաժարվեց լրագրողներին մեկնաբանություններ տալ դատարանի այսօրվա որոշման շուրջ:

Քոչարյանների ընտանիքը դատական հայց է ներկայացրել «Ժամանակ» օրաթերթում անցած տարի սեպտեմբերին տեղ գտած 3 հրապարակումների կապակցությամբ: Թերթը, մասնավորապես, գրել է, թե Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկին Բելա Քոչարյանը կապ ունի դեղագործական բիզնեսի հետ, իսկ որդին` Սեդրակ Քոչարյանը, ոմն ձեռնարկատիրոջից առեւտրային կազմակերպություն է խլել: Մեկ այլ հրապարակման համաձայն` Սեդրակ Քոչարյանը ադամանդի հանքեր ունի Հնդկաստանում:

Հայաստանի երկրորդ նախագահի ընտանիքի անդամները համարում են, որ թերթում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը եւ պահանջում, որ թերթը հերքի իրենց պատիվն ու արժանապատվությունը, բարի համբավը արատավորող տեղեկությունները, ինչպես նաեւ փոխհատուցի Քոչարյաններին հասցված 6 միլիոն դրամի չափով վնասը:

«Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը պնդում է, որ իրականում Ռոբերտ Քոչարյանը անձամբ խնդիր է դրել սնանկացնել ընդդիմադիր օրաթերթին: Դատական նախորդ նիստերից մեկում «Ժամանակ»-ը հանդես էր եկել հաշտության առաջարկով, սակայն Քոչարյանների ընտանիքի ներկայացուցիչները առաջարկից հրաժարվել էին:
XS
SM
MD
LG