Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանը հերքում է իշխանությունների հետ պայմանավորվածությունների մասին լուրերը


Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց գնահատել երկրում տեղի ունեցող վերջին փոփոխությունները:

Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում շուրջ մեկ ժամ տեւողությամբ հանդիպում ունեցավ անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ:

«Ես վստահ եմ, որ եթե նախկինում դիմեի խնդրանքով` այցելել քաղբանտարկյալներին, ինձ թույլ չէին տա», - պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ հենց հիմա որոշեց հանդիպել կալանավորված խմբագրի հետ` ասաց ՀԱԿ-ի առաջնորդը: - «Հիմա մթնոլորտ է փոխվել, երկրում ուրիշ քաղաքական վիճակ է: Լուծվել են խնդիրներ, որոնք 3 տարի չէին լուծվում: Ես նկատի ունեմ ե՛ւ Ազատության հրապարակի արտոնումը հանրահավաքների համար, ե՛ւ մարտի 1-ի բացահայտման պաշտոնական հավաստիացումը, ե՛ւ քաղբանտարկյալների ազատ արձակման պրոցեսը, որը ավարտվելու է մայիսի 28-ին, ինչպես ես ասացի նախորդ հանրահավաքում: Գուցե մի քանիսը մինչեւ 28-ը դուրս գան: Այս ֆոնի վրա, բնականաբար, իմ խնդրանքը չէր կարող մերժվել»:

Վերլուծելով երկրում տիրող քաղաքական իրավիճակը` Տեր-Պետրոսյանը ընդգծեց, որ վերջին շրջանում իշխանությունների եւ հասարակության միջեւ բաց, հրապարակային, շարունակական երկխոսություն է ընթանում:

«Դա մեր երազած պետությունն է, որպեսզի հասարակությունը եւ պետությունը բաց, հրապարակային, շարունակական երկխոսության մեջ լինեն: Սա չպետք է ավարտվի: Երկխոսությունը պիտի լինի մշտական: Իհարկե, ճգնաժամային պահերին պետք է դրվեն սուր հարցեր, որոնք անմիջական լուծումներ են պահանջում, իսկ ճգնաժամերից դուրս, նորմալ կյանքի պայմաններում միշտ էլ իշխանությունն ու հասարակությունը երկխոսելու, բանավիճելու, իրար համոզելու, իրար պահանջներ ներկայացնելու կարիք ունեն», - հավելեց նա:

«Պետք է գնահատել, ոչ թե ռեւերանսներ անել, խոսել ինչ-որ պայմանավորվածությունների մասին: Ո՛չ, գնում է բաց դիալոգ: Մենք մեր պահանջները, մեր խնդիրները, մեր ծրագրերը բաց ներկայացնում ենք իշխանություններին եւ հասարակությանը, եւ իշխանությունն էլ բաց պատասխաններ է տալիս դրան: Իհարկե` ոչ այնքան կոնկրետ եւ ուղիղ ինչպես մենք ենք ասում, այլ ավելի մշուշապատ եւ այլն, բայց քայլեր են արվում, դա չի կարելի անտեսել», - նշեց ընդդիմության առաջնորդը:

ՀԱԿ-ի վերջին հանրահավաքի ավարտից հետո` ապրիլի 28-ին, մի խումբ ընդդիմադիրներ հրաժարվում էին լքել Ազատության հրապարակը եւ պահանջում էին նստացույց անցկացնել, եւ Կոնգրեսի առաջնորդներին դժվարությամբ հաջողվեց համոզել նրանց` չդիմել այդ քայլին: Մեկնաբանելով այս զարգացումները` Լեւոն Տեր-Պետրոսյանը նշեց. - «Ոչ մի բան էլ չի եղել, ժողովրդի մեծամասնությունը շատ ճիշտ հասկանում է այս ամբողջ պրոցեսը: Բնականաբար կան անհամբեր մարդիկ, պրոցեսը չհասկացող մարդիկ, որոնց թվում է, թե կարելի էր այլ ճանապարհով հարցեր լուծել: Ես վստահ եմ` այլ ճանապարհով մենք կկործանեինք բոլոր հարցերը»:

«Շուտով Նիկոլի էներգիային դուք էլ ականատես կլինեք»


Երեկ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը քրեակատարողական վարչության հիվանդանոցում հանդիպել էր 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ անազատության մեջ գտնվող մեկ այլ ընդդիմադիր գործչի` Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ:

«Սասուն Միքայելյանը առողջական լուրջ խնդիրներ ունի: Վստահ եմ` ազատվելուց հետո, որը շուտով կլինի, նա պիտի արդեն լուրջ բժշկական քննություն անցնի եւ բոլոր միջոցները պետք է ձեռք առնել նրա առողջությունը վերականգնելու համար», - այցի վերաբերյալ ասաց Տեր-Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է այսօրվա իր տեսակցությանը, ընդդիմության առաջնորդը պատմեց, որ Նիկոլ Փաշինյանը առողջական պրոբլեմ չունի, ներվերը շատ հանգիստ են, ինտելեկտուալ կյանքով է ապրում` առավոտից երեկո գրականություն է կարդում, հետեւում է մամուլին:

«Ինչպես ասում են` էներգիան իրեն ուտում է, եւ շուտով այդ էներգիային դուք էլ ականատես կլինեք», - խոստացավ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Փաշինյանի հետ տեսակցությունից հետո Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը հանդիպում ունեցավ նաեւ իր գլխավորած շարժման Արթիկի ակտիվի հետ:
please wait

No media source currently available

0:00 0:05:36 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG