Մատչելիության հղումներ

logo-print

Կառավարության հերթական նիստում ընդունած որոշմամբ` խտացված կաթից կամ կաթի փոշուց պատրաստված կաթնամթերքը այսուհետ կոչվելու է «կաթնային ըմպելիք»:

Նախագծի մշակումը, ըստ Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանի, պայմանավորված է կաթի եւ կաթնամթերքի արտադրության ոլորտում օգտագործվող անարատ կաթի պահանջարկի ավելացման, ինչպես նաեւ սպառողների շահերի պաշտպանության ապահովման անհրաժեշտությամբ:

«Ավելի կհստակեցվի, որպեսզի այսուհետեւ խտացված կաթից, կաթի փոշուց պատրաստված կաթնամթերքը իսկապես իր անվանումը ունենա եւ հստակ մեր սպառողները կարողանան իրականության մեջ տիրապետել, որ դա պատրաստված է խտացված կաթից կամ կաթի փոշուց», - պարզաբանեց Գալստյանը:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի գնահատմամբ` մինչեւ այժմ էլ կաթնամթերք արտադրող ընկերությունները կատարում էին մակնանշում, սակայն այժմ սպառողը ավելի լավ տեղեկացված կլինի, թե ինչ է խմում: Պողոսյանը, այդուհանդերձ, համարում է, որ կառավարության այս քայլը մոլորեցնող տարրեր է պարունակում:

«Պետք է լինի սկզբից կաթը, հետո տակից գրված լինի, թե դա որ տեսակի կաթն է` պաստերիզացված, խտացված եւ այլն եւ այլն: Այդտեղ վիճելի բաներ շատ կան: Ես դեմ եմ նման արտահայտությանը` կաթնային ըմպելիք: Որովհետեւ կաթնային ըմպելիքը դա կոկտեյլն է, ոչ թե կաթի ինչ-որ մի տեսակը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սպառողների միության նախագահը:

Ուղիղ մեկ տարի առաջ, հիշեցնենք, կառավարության որոշմամբ «արբուն» բառը սահմանվեց որպես բրենդիի ապրանքային անվանում: Ավելի ուշ կառավարությունը ստիպված եղավ լրացում կատարել որոշման մեջ` հստակեցնելով, որ «արբուն» անվանումը պետք է սահմանվի միայն այն բրենդիների համար, որոնք արտադրվել են ոչ միայն տեղական ծագման գինենյութից:

Հարցին, թե արդյոք «կաթնային ըմպելիք» անվանման գործածումը չի առաջացնի նույն աղմուկը, որ ժամանակին «արբունի» կապակցությամբ բարձրացրին գինեգործական ընկերությունները, Սամվել Գալստյանը արձագանքեց. - «Մեր օրենքների ընդունումը պետք է բխի մեր ժողովրդի շահերից: Իսկ եթե դա չի բխի որոշ ընկերությունների շահերից, ապա դա այնքան էլ, ճիշտն ասած, կարեւոր տեղ չի գրավում»:

Կառավարությանը այսօր մեկ այլ որոշմամբ ընդունեց փոփոխություններ մի շարք օրենքներում: Արդյունքում վերացվում է սակագնային քվոտան, որ ժամանակավորապես կիրառվում էր օղի ներմուծողների նկատմամբ:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի պարզաբանումը. - «Սրանով, ըստ էության, անհավասար պայմաններ էին ստեղծվում տեղական արտադրողի եւ ներմուծողի համար: Այս փաթեթով մենք հավասարեցնում ենք այդ պայմանները եւ սահմանում ենք ներմուծողի համար նույն կարգը, որ գործում է տեղական արտադրողների համար»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG