Մատչելիության հղումներ

«Ներքաղաքական կյանքում տեղի ունեցող բուռն զարգացումները պետք է փոխեն կյանքը Հայաստանում»


Աշոտ Մանուչարյան

Աշոտ Մանուչարյան

Ներքաղաքական կյանքում այսօր տեղի են ունենում «շատ բուռն զարգացումներ, որոնք պետք է որակապես փոխեն կյանքը Հայաստանում»: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Աշոտ Մանուչարյանը, ով 1991-93 թվականներին Հայաստանի նախագահի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդականն էր:

Հարցին, թե ի՞նչ ի նկատի ունի, նա արձագանքեց. - «Մի կողմից` այն, ինչ որ երեւում է, այն, ինչ որ անվանում են հանրահավաքներ, այն, ինչ որ անվանում են ՀԱԿ-ի գործունեություն, իշխանության արձագանքներ եւ այլն, մասամբ` այն, ինչ որ չի երեւում, ասենք` հասարակական սեկտորում զարգացումները` ինչքանով են աճել մարդիկ, ինչքանով նրանք ակտիվ են, եւ չի երեւում արտաքին ուժերի [գործոնը] այդպես ակնհայտ` չնայած շատ բաներ երեւում են»:

Այսինքն, մանրամասնեց Մանուչարյանը, «արտաքին ուժերը, հենվելով ներքին այդ փոփոխությունների, ակտիվության վրա, աշխատում են իրենց համար անհրաժեշտ գործառույթները խթանել, եւ արդյունքում, ասենք, այնպիսի մեծ տեղաշարժեր են տեղի ունենում, ինչպես, օրինակ, «Մարտի 1»-ի գործի կրկին բացումը»:

«Դա կարելի է դիտարկել որպես հենց առաջին քայլ ինչ-որ բանակցությունների մեջ, բայց կարելի է դիտարկել որպես շատ լուրջ համակարգային երեւույթ, որը բերել է գոյություն ունեցող իրողությունների էական փոփոխության», - ընդգծեց նա:

Թե գալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ինչի՞ կարող է բերել այս վիճակը` այդ առնչությամբ Մանուչարյանը ասաց. - «Ընտրություններ Հայաստանում հնարավոր չեն այսօրվա վիճակում, ընտրություններից առաջ պետք է դեմոնտաժի ենթարկվի օլիգարխիկ համակարգը եւ ընտրությունների կեղծման համակարգը, որը ստեղծված է, այսինքն` դա փոխկապակցված մի ամբողջականություն է, եւ մինչեւ էական փոփոխություններ չլինեն` դա ընտրություն չի լինելու, դա լինելու է ուղղակի ինչ-որ գործարքի շրջանակում կազմավորում նոր իշխանության»:

Նրա խոսքերով, իշխանության եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի «բանակցություններում էական ձեւով ներկայացված են եւս երկու կողմեր, որ ակնհայտ չեն երեւում»:

«Մեկը Միացյալ Նահանգներն է, որը ստեղծում է պայմաններ, դրդում այդպիսի բանակցությունների եւ բանաձեւերի` անգամ շատ անգամ իրական հեղինակը հանդիսանալով բանաձեւերի, մյուս կողմից` հասարակությունն է, որի մեջ խորը ընդվզում կա, եւ որի թելադրանքը կարող է ընդունել ամենաանսպասելի ձեւերը», - հայտարարեց Աշոտ Մանուչարյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG