Մատչելիության հղումներ

Թուրքիայի վարչապետի ավտոշարասյունը գնդակոծվել է. կա զոհ եւ վիրավոր


Երեկ զինված հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ավտոշարասյան վրա: Ինչպես լրագրողներին փոխանցել է ինքը Էրդողանը, կրակոցներից սպանվել է իր պահպանությունն իրականացնող ստորաբաժանման մի ոստիկան, եւս մեկը վիրավորվել է:

Թուրքական NTV հեռուստաընկերությունը, վկայակոչելով իրավապահ մարմիններից ստացած տվյալները, հաղորդել է, որ հարձակումը տեղի է ունեցել երեկ երեկոյան` սեւծովյան Քասթամոնու շրջանում, ուր Էրդողանը այցելել էր հունիսի 12-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավի շրջանակներում: Ավտոշարասյան ուղղությամբ նռնակներ են նետվել եւ ավտոմատ հրազենից կրակ է բացվել: Նռնակի պայթյունի հետեւանքով այրվել է ոստիկանական մեքենան: Թիկնազորը փոխհրաձգության մեջ է մտել հարձակվողների հետ, որոնց, այդուհանդերձ, հաջողվել է թաքնվել անտառում:

NTV-ի տվյալներով` միջադեպի պահին վարչապետը արդեն ուղղաթիռով լքել էր տվյալ շրջանը, եւ հարձակման թիրախ են դարձել կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ավտոբուսը ուղեկցող ոստիկանները:

Ադրբեջանական Day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` Էրդողանը հարձակումը կատարողներին անվանել է ահաբեկիչներ եւ հավելել. - «Նրանք, ովքեր չեն կարողանում լուծել իրենց խնդիրները ընտրություններում, մտածում են, թե խնդիրները կարող են լուծել այդ եղանակով»:

Թուրքիայում գործող արմատական կազմակերպություններից ոչ մեկը առայժմ չի ստանձնել հարձակման համար պատասխանատվությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG