Մատչելիության հղումներ

Մայիսի 5-ի մամուլ


«168 ժամ»-ը հարցազրույց է հրապարակել Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ: «Ընդդիմության դիրքորոշման մեջ ըստ էության փոփոխություն չկա: Ի՞նչ էր ասում ընդդիմությունը տարիներ շարունակ` պահանջում էր ազատ արձակել քաղբանտարկյալներին, որից հետո հնարավորություն կլինի գնալ երկխոսության: Բայց երկխոսության գնալ ինչի՞ շուրջ, իհարկե, արտահերթ համապետական ընտրությունների շուրջ` թե նախագահական, թե խորհրդարանական: Ըստ էության, որեւէ փոփոխություն չի եղել: Կոնգրեսը կարող է ոչ թե 15, այլ 25 ընթացիկ պահանջներ ներկայացնել գործունեության ընթացքում, սակայն հիմնական խնդիրն է սահմանադրական կարգի հաստատումը, արդար ընտրությունների միջոցով օրինական իշխանության ձեւավորումը: Այս խնդրի լուծմանը պետք է հետամուտ լինի ՀԱԿ-ը: Ես բազմիցս եմ ասել, որ լավագույն երկխոսությունը դա ազատ, արդար ընտրությունների անցկացումն է», - ասել է Դեմիրճյանը:

Նույն հարցի շուրջ Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը «Հայոց Աշխարհ»-ին ասում է. - «Արտահերթ ընտրությունների պահանջը ապացուցել է իր անհեռանկարայնությունը։ Բոլորը հասկացել են, որ դա իրատեսական չէ։ Արտաքին քաղաքականության մեջ նախագահի որդեգրած ուղեգիծը արժանանում է հավանության թե՛ միջազգային հանրության, թե՛ միջազգային ուժեղ խաղացողների, թե՛ ուժային տարբեր կենտրոնների կողմից, իսկ ՀԱԿ-ը, արտահերթ ընտրությունների պահանջ ներկայացնելով ակնկալում էր ակնհայտ արտաքին ճնշում։ Այսինքն` դրա արտաքին պատվերը չկա եւ չի կարող լինել։ Երկրորդ` մեր արտաքին պարտնյորների համար հանրապետության քաղաքական ղեկավարությունը անցած կարճ ժամանակամիջոցում հանդես եկավ որպես շատ սկզբունքային, կանխատեսելի եւ վստահելի գործընկեր, որի հետ կարելի է նաեւ երկարաժամկետ քաղաքական եւ աշխարհաքաղաքական, այդ թվում` տարածաշրջանի անվտանգության հետ կապված լուրջ հարցեր քննարկել։ Մինչեւ ընտրություններ ընդամենը մի տարի է մնացել, եւ ընդդիմադիրները, ուզեն թե չուզեն, քաղաքական այդ զարգացումների մասնակիցը պետք է դառնան»։

«Սարդարապատ» շարժման ակտիվիստ Տիգրան Խզմալյանը «Կապիտալ»-ին ասում է. - «Ես հակված չեմ մտածել, թե իշխանությունները տեղի են տալիս։ Իմ կարծիքով՝ տեղի է ունենում բոլորովին այլ գործընթաց: Իրականում երկրում կատարվող գործընթացները մեկ-երկու անհատների, անհաշտ քաղաքական հակառակորդների կամ իշխանություն եւ ընդդիմություն հակամարտության դաշտում լուծվող խնդիրներ չեն. ճակատամարտը տեղի է ունենում ոչ թե քաղաքական, այլ սոցիալ-տնտեսական դաշտում, եւ այդ պայքարը նախ եւ առաջ դասակարգային է: Ուստի ՀԱԿ-ի առաջ քաշած պահանջները, դրանց կատարումը կամ չկատարումը եւ այս ամբողջ աղմուկը կոչված է շղարշելու իրական խնդիրները: Այն խնդիրները, որոնցով ամեն օր ապրում է Հայաստանի շարքային քաղաքացին, որեւէ կապ չունի քաղաքի այս կամ այն փողոցի կամ հրապարակի ազատ լինել կամ չլինելու հետ, կապ չունի ո'չ Մարտի 1-ի ոճրագործությունները բացահայտելու կասկածելի պատրաստակամություն հայտնելու և ո'չ էլ անգամ քաղբանտարկյալների ազատ արձակման հետ»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Այժմ նոր գաղափարներ, կարծես թե, չեն երեւում: Դա չի նշանակում, իհարկե, որ եթե որեւէ մեկը նոր իշխանամետ կամ ընդդիմադիր ուժ ստեղծելու հայտ է ներկայացնում, բոլոր «հները» պետք է միահամուռ հարձակվեն նրա վրա եւ վարկաբեկեն: Թող «նորելուկը» փորձի ինչ-որ մի գործունեություն ծավալել, հռչակագրերից եւ մեկնաբանություններից առաջ գնալ, եւ այդ ժամանակ միայն գնահատական տվեք: Բայց եթե նոր ուժ, ֆորմատ, ալյանս, այնուամենայնիվ, չհաջողվի հիմնել, այն մարդիկ, ովքեր, իրենց կարծիքով, պառլամենտում ասելիք ունեն, չպիտի հուսահատվեն` նրանք կարող են փորձել տեղավորվել «հների» մեջ: Բոլոր եղած խոշոր քաղաքական ուժերը սկզբունքորեն հնարավորություն ունեն «մարսելու» նման գործիչներին: Ճիշտն ասած, չեմ պատկերացնում, թե ինչպես ոչ դաշնակցականը կարող է քվեարկել այդ կուսակցության օգտին, եւ, մյուս կողմից, ինչպես է ՀՅԴ անդամը իր ձայնը տալու որեւէ այլ քաղաքական ուժի»:

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Մարտի 1-ի վերաբերյալ «Ժամանակ»-ին ասում է. - «Սերժ Սարգսյանը պետք է ինքը առաջինը համաձայնություն տա, որ հնարավոր լինի իրեն նույնպես հարցաքննել, որովհետեւ ինքը նույնպես այդ ժամանակ եղել է բարձրաստիճան պաշտոնյա, ղեկավարել է կառավարությունը, կառավարությունում իրեն ենթակա ոստիկանապետ է եղել, պաշտպանության նախարար է եղել, ի վերջո` Մարտի 1-ը սկսվել է ոչ միայն արտակարգ դրությունից հետո, երբ հրամանագիր է ստորագրվել Արտակարգ դրություն մտցնելու մասին, որը անօրինական էր: Մինչեւ Մարտի 1-ը, այսինքն` մինչեւ երեկոյան տեղի ունեցած այդ գործողությունները, երբ դեռ արտակարգ դրություն հայտարարված չէր, այդ ժամանակ կառավարությունը` ի դեմս Սերժ Սարգսյանի, պետք է միջոցներ ձեռնարկեր, քանի որ առավոտյան 06:20-ից սկսած այդ բոլոր գործողությունները եղել են ապօրինի, եւ դրա մասին կա լավագույն զեկույց` մարդու իրավունքների պաշտպանի կողմից, որում բարձրացված հարցերին մինչ օրս պատասխան չի տրվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG