Մատչելիության հղումներ

logo-print
Transparency International կազմակերպությունը Եվրոպական հարեւանության ծրագրի շրջանակներում ուսումնասիրություն է անցկացրել Հարավային Կովկասի երեք երկրների կոռուպցիայի դեմ պայքարի պարտավորությունների կատարման վերաբերյալ:

Մայիսի 4-ին հրապարակված զեկույցը փաստում է, որ 2010 թվականի ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանում շատ փոքր փոփոխություն է արձանագրվել, մասնավորապես դատական բարեփոխումների, քաղաքացիական ծառայության ոլորտում: Հակակոռուպցիոն կազմակերպությունը որոշ առաջընթաց է արձանագրել Եվրախորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի երկրների GRECO խմբի առաջարկները իրականացնելու առումով:

Դատական բարեփոխումների մասում զեկույցում նշվում է, որ Հայաստանի արդարադատության համակարգի հիմնական խնդիրը մնում է անկախության եւ թափանցիկության անբավարարությունը։

2010 թվականին օրենսդրական փոփոխություն կատարվել է, սակայն նշվում է, որ պարտադրող մեխանիզմների բացակայության պատճառով օրենքի բարելավման ազդեցությունը փոքր է։

Կոռուպցիայի մակարդակը որոշող միջազգային ցուցիչների համաձայն, Հայաստանում դատական համակարգը, ոստիկանության հետ, համարվում է երկրորդ ամենակոռումպացված ոլորտը։

Հանրային ծառայությունների բնագավառում նշվում է, որ անկախության բացակայությունը, թույլ թափանցիկությունը, ոլորտի քաղաքականացվածության բարձր աստիճանը, պետական գնումներում կատարվող յուրացումները մինչեւ հիմա տեղ ունեն Հայաստանի հանրային ծառայության համակարգում։

Պետական պաշտոնյաները, քաղաքացիական ծառայողները համարվում են նույնքան կոռումպացված, ինչպես դատավորներն ու ոստիկանները։

2010 թվականին առաջընթաց է արձանագրվել GRECO-ի առաջարկները կատարելու ուղղությամբ: Միաժամանակ, զեկույցի հեղինակները նշում են, որ առաջարկների մեծ մասը վերաբերել է օրենսդրական բարեփոխումներին։

Ընդհանուր առմամբ, նշելով, որ Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականներ, կամ պաշտոնանկություններ քիչ են լինում, զեկույցն արձանագրում է, որ 2010 թվականի վերջում կադրային փոփոխություններ իրականացվեցին արդարադատության համակարգում, ֆինանսների, էկոնոմիկայի ու գյուղատնտեսության ոլորտներում։

Զեկույցում նշում է, որ Հայաստանում բարեփոխումները հիմնականում կատարվում են ընտրությունների նախաշեմին, կամ անմիջապես ընտրությունից առաջ, եւ, քանի որ 2010-ը համապետական կամ տեղական ընտրությունների տարի չէր, բարեփոխումների շարժիչ ուժը բացակայել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG