Մատչելիության հղումներ

Վարչապետը ԵՊՀ-ի ուսանողների հետ բուհական կոռուպցիայի խնդիրը քննարկեց


Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ԵՊՀ-ի ուսանողների հետ, 4 մայիս

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ԵՊՀ-ի ուսանողների հետ, 4 մայիս

Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ չորեքշաբթի կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը նրանց հետ քննարկեց բուհական կոռուպցիայի խնդիրը:

Վարչապետը կարծիք հայտնեց, որ եթե բուհերում կոռուպցիա կա, ապա հնարավոր չէ, որ դրանում ուսանողները ներքաշված չլինեն: Համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանը, ով կիսում է գործադիրի ղեկավարի կարծիքը, առաջարկեց խստացնել ընդունելության քննությունները, որպեսզի կաշառք առաջարկող ուսանողները բուհերում չլինեն:

Ցոլակ Ակոպյանի խոսքով` բուհը պետք է համալրել երիտասարդ կադրերով, ովքեր դեռ չեն առնչվել կոռուպցիոն երեւույթների հետ: Վարչապետը հակադարձեց 1990-ականների մի օրինակով, երբ այն տարիներին վարչապետ Վազգեն Մանուկյանի հանձնարարականով ինքը կադրային խնդիրներով էր զբաղվում եւ պետք է «հին, կոռումպացված, կոմունիստական նախարարներին» փոխարինեին երիտասարդ, բանիմաց մասնագետներով, որոնք «կյանքում կաշառք չէին վերցրել»:

«Բազմաթիվ այդպիսի նշանակումներ արեցինք, բայց պարզվեց, որ լավ էլ կաշառք էին վերցնում», - ասաց վարչապետը` հավելելով. - «Երիտասարդ լինելն ու անկաշառ անցյալ ունենալը բավարար չէ, որ մարդ դիմանա այդ գայթակղությանը»:

Հանդիպմանը ներկա ուսանողուհիներից մեկը հարցրեց, թե վարչապետի կարծիքով, ինչպե՞ս կարելի է արդյունավետորեն պայքարել կոռուպցիայի դեմ:

«Մենք ինքներս պետք է բացահայտենք այդ երեւույթները եւ պատժենք մարդկանց: Եթե դա չենք անում, վստահություն չի լինում հասարակության կողմից, որ մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ: Նշանակում է` մենք ինքներս մեզանից պետք է սկսենք, պետք է կարողանանք վերացնել այն բոլոր մեխանիզմները, որոնք ծնում են այդ կոռուպցիոն ռիսկերը», - ասաց վարչապետը:

Ուսանողների հետ հանդիպմանը ներկա էին նաեւ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Արամ Սիմոնյանը: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ տպավորություն ստացավ հանդիպումից, վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանեց, որ շատ ոգեւորված է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG